Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուները հեռուստաբանավեճ կանցկացնեն


Փոխնախագահի թեկնածուների բանավեճը նախընտրական պայքարի առանցքային իրադարձություններից է

ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում այսօր տեղի կունենա ևս մեկ առանցքային իրադարձություն. հինգշաբթի օրը հեռուստաբանավեճ կանցկացվի Միացյալ Նահանգների ներկայիս փոխնախագահ՝ փոխնախագահի պաշտոնի դեմոկրատական հավակնորդ Ջո Բայդենի և հանրապետական իր մրցակից, կոնգրեսական Փոլ Ռայանի միջև:

Կենտուկի նահանգի փոքր համալսարաններից մեկում կայանալիք հեռուստաբանավեճը կանցկացվի այն ժամանակ, երբ նախագահական հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ամրապնդել է իր դիրքերը ներկայիս նախագահ Բարաք Օբամայի թեկնածության համեմատությամբ, ինչին նպաստել են անցյալ շաբաթ անցկացված հեռուստաբանավեճի արդյունքները:

69-ամյա Բայդենին շատերը համարում են փորձառու քաղաքական գործիչ և բանավիճող: ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Բայդենը 36 տարի անց է կացրել ԱՄՆ-ի Սենատում: Սպասվում է, որ Ռայանի հետ Բայդենի ունեցած հեռուստաբանավեճը նոր թափ կհաղորդի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ընտրապայքարին:

42-ամյա Ռայանը Վիսկոնսին նահանգը ներկայացնող Կոնգրեսական է, որին շատերը համարում են «նոր աստղ» պահպանողական հանրապետականների շարքերում՝ շնորհիվ դաշնային բյուջեի պակասորդը նվազեցնելու և «Մեդիքեր» բժշկական ծրագրին նոր թափ հաղորդելու վերաբերյալ իր ունեցած գաղափարների: Շատերը սակայն նշում են, որ Ռայանի 14-ամյա աշխատանքային փորձը զգալիորեն զիջում է Բայդենի նույն ցուցանիշին:

ԱՄՆ-ի նախագահական թեկնածուները հինգշաբթի օրը կշարունակեն ընտրապայքարը: Նախագահ Օբաման հանրահավաք կանցկացնի Ֆլորիդա նահանգում, մինչդեռ Միթ Ռոմնին ևս մեկ օր կանցկացնի Օհայո նահանգում՝ Վիրջինիա ճանապարհորդելուց առաջ:
XS
SM
MD
LG