Մատչելի հղումներ

Թուրքիան ու ԱՄՆ-ը քննարկում են Չինաստանի արտադրության հրթիռներ գնելու գործարքը


Վաշինգտոնը «լուրջ մտահոգություններ» է արտահայտել Թուրքիայի կողմից Չինաստանի արտադրության գործողության մեծ շառավիղ ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու վերաբերյալ գործարք կնքելու մասին

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտնել է, որ նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել այս երկրում այն բանից հետո, երբ Վաշինգտոնը «լուրջ մտահոգություններ» է արտահայտել Թուրքիայի կողմից Չինաստանի արտադրության գործողության մեծ շառավիղ ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու վերաբերյալ գործարք կնքելու մասին:

Թուրքիայի իշխանությունները դեռևս սեպտեմբեր ամսին էին հայտնել Չինաստանի «CPMIEC» պետական ընկերության արտադրության գործողության մեծ շառավիղ ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու շուրջ բանակցություններ անցկացնելու մասին:

Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, մասնավորապես Միացյալ Նահանգների, վրդովմունքն առաջացրել էր այն հանգամանքը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան համագործակցում է Չինաստանի պետական «CPMIEC» ընկերության հետ, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված «Իրանում, Հյուսիսային Կորեայում և Սիրիայում միջուկային զենքի չտարածման մասին» օրենքի շրջանակներում:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանության խոսնակն ասել է, որ «ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտպանության քաղաքականության գծով տեղակալ Ջիմ Միլերն այց էր կատարել Թուրքիա՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի, ներառյալ Սիրիան, պաշտպանության ոլորտում ԱՄՆ-Թուրքիա երկկողմանի հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ում մեր գործընկերության շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով»:

Ըստ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի խոսնակի, գալիք շաբաթ Թուրքիա կժամանի ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը, որը բանակցություններ կանցկացնի Ստամբուլում և Ադանայում:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ կայցելի նոյեմբերի 18-ին: «Հուրիեթ»-ը, վկայակոչելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներից մեկին, նշել է, որ Դավութօղլուի այցի ընթացքում չի նախատեսվում քննարկել Թուրքիայի և Չինաստանի միջև հրթիռներ գնելու գործարքը, եթե ամերիկյան կողմը չբարձրացնի այս խնդիրը:
XS
SM
MD
LG