Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը, հանդես գալով Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա խորհրդի նիստի ժամանակ, ասել է, որ «Թուրքական հրաշքը», որի արդյունքում երկրի տնտեսությունն անցյալ տասը տարիների ընթացքում գրեթե եռապատկվել է, տեղի է ունեցել նոր մրցակցության համար Թուրքիայի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներն ավելի բաց դարձնելու արդյունքում:
ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, Քլինթընը սակայն նշել է, որ Անկարան, որը ցանկանում է նոր սահմանադրություն ընդունել 2012 թվականի առաջին կիսամյակում, պետք է զգուշություն ցուցաբերի` համոզվելու, որ նոր սահմանադրությունում ամրագրված լինեն մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և մամուլի ազատության երաշխիքները:
«Թուրքիայի ամբողջ ներուժն իրականացնելու հնարավորությունը կախված է երկրի ներսում ժողովրդավարությունն ամրապնդելուց և հարևան պետությունների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումը խթանելուց», - իր խոսում նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
Արտգործնախարար Քլինթընն ասել է, որ Թուրքիայի հզորությունը վերջինիս հնարավորություն է ընձեռում ցուցաբերել «պատասխանատու առաջնորդություն»` կոչ անելով Անկարային աշխատել Իսրայելի հետ` պաղեստինյան տարածքների վերաբերյալ երկու պետությունների քաղաքականության տարբերությունները և անցյալ տարի դեպի Գազայի գոտի ուղևորվող նավի վրա Թուրքիայի ինը քաղաքացու սպանությամբ առաջացրած տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ:
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նույնպես դրական քայլ կլինի, և մենք հուսով ենք, որ Թուրքիայի խորհրդարանը ներկայիս նստաշրջանի ընթացքում կվավերացնի երկու պետությունների միջև ստորագրված արձանագրությունները և կբարելավի հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
«Հարևանների հետ լարվածության նվազեցումն ու կայունության ամրապնդումն աճի և ազդեցության ավելացման դեղատոմսեր են: Թուրքիայի ղեկավարությունը հասկանում է դա: Սակայն անցյալը հաղթահարելու և Թուրքիային վայել ապագայի արժանանալու համար անհրաժեշտ է կատարել համարձակ ընտրություն և քաղաքական հզոր կամք ունենալ», - ԱՄՆ-Թուրքիա խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում նշել է Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը: