Մատչելի հղումներ

Աֆղանստանում ԱՄՆ-ի զոհված զինծառայողների թիվը գերազանցել է երկու հազարը


ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2007 թվականից հակամարտության զոհ է գնացել Աֆղանստանի քաղաքացիական ավելի քան 13 հազար խաղաղ բնակիչ

Աֆղանստանում շարունակվող պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերը կորցրել են ավելի քան երկու հազար զինծառայող: Զինծառայողների զոհերի կեսից ավելին տեղի է ունեցել վերջին 27 ամիսների ընթացքում:

Միացյալ Նահանգների զինծառայողների թվում զոհերի թիվն աճ է գրանցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման լրացուցիչ հազարավոր զինծառայողներ Աֆղանստան ուղարկելու մասին կայացված որոշումից հետո, Այս քայլը նպատակ էր հետապնդում ուժեղացնելու ԱՄՆ-ի գլխավորությամբ Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի ուժերի պայքարը զինյալների դեմ:

Զինված այս ստորաբաժանումները, իրենց միջազգային գործընկերների հետ միասին, դուրս են բերվելու Աֆղանստանից մինչև 2014 թվականին լրացող վերջնագիծը, որից հետո երկրում անվտանգության ապահովման պատասխանատվությունը ստանձնելու են Աֆղանստանի անվտանգության ուժերը:

Աֆղանստանի զինված ուժերն ու ոստիկանությունը 2001 թվականին պատերազմի սկզբի ժամանակակից նույնպես մեծ զոհեր են կրել: Վիճակագրական տվյալների համաձայն, 2007 թվականից ի վեր զոհվել է Աֆղանստանի անվտանգության ուժերի ավելի քան 6,5 հազար ծառայող:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2007 թվականից հակամարտության զոհ է գնացել Աֆղանստանի քաղաքացիական ավելի քան 13 հազար խաղաղ բնակիչ:

Աֆղանստան երկուշաբթի օրն այցելել են Միացյալ Նահանգների զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին և ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջեյսմ Մաթիսը՝ ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի պաշտոնյաների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Միացյալ Նահանգների զինուժի բարձրաստիճան երկու ղեկավարները հանդիպում են ունեցել Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենի հետ, որի ընթացքում քննարկվել են զինյալների դեմ պայքարում գրանցված առաջընթացը պահպանելու և Աֆղանստանի զինված ուժերի ունակությունների բարձրացման հնարավորությունները:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավելի հաճախ դարձած «ներքին» հարձակումներին, քանի որ Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից վերջերս սպանվել է միջազգային ստորաբաժանումների տասը զինծառայող, իսկ այս տարի «ներքին» հարձակումների զոհ է գնացել միջազգային ստորաբաժանումների ընդհանուր թվով 39 զինծառայող:

«Ներքին» հարձակումների խնդրին երկուշաբթի օրը անդրադարձ է կատարել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ մտահոգություն հայտնելով այսպես կոչված «կապույտները կանաչների դեմ» հարձակումների կապակցությամբ:
XS
SM
MD
LG