ԱՄՆ-ի առևտրի դեֆիցիտը հոկտեմբեր ամսին նվազել է՝ հասնելով ինն ամսվա ընթացքում նվազագույն ցուցանիշին։
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի առևտրի նախարարությունն ուրբաթ օրը հրապարակած հաշվետվությունում՝ նշելով, որ նախորդ ամսվա համեմատ ամերիկացիների կողմից օտարերկրյա պետություններում իրականացվող առևտրի և արտերկրից գնվող ապրանքների ծավալի միջև տարբերությունը նվազել է ավելի քան 13 տոկոսով։
Հոկտեմբեր ամսին առևտրի դեֆիցիտը կազմել է մոտ 39 միլիարդ դոլար։
Միացյալ Նահանգներից կատարվող արտահանումների ծավալի աճին նպաստել է դոլարի թուլացումը, քանի որ ԱՄՆ-ի դրամի փոխարժեքի նվազումը իջեցրել է երկրում արտադրված ապրանքների գները՝ ավելի մրցունակ դարձնելով ամերիկյան ապրանքները միջազգային շուկայում։
ԱՄՆ-ի արտահանման ծավալների աճին, որը հասել է երկու տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշների, նպաստել է նաև պահանջարկի աճը անցումային տնտեսությամբ երկրներում, մասնավորապես Չինաստանում և Մեքսիկայում։