Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի նկատմամբ


Ալժիրի նախկին արտգործնախարարը կարող է փոխարինել Քոֆի Անանին ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարի պաշտոնում

Միացյալ Նահանգները նախատեսում է նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի և այլ պետությունների այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք աջակցություն են ցուցաբերում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը:

«Մենք է՛լ ավելի խիստ պատժամիջոցներ կընդունենք Սիրիայի և այլ պետությունների այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք սատարում են սեփական ժողովուրդը ճնշելուն ուղղված Սիրիայի կառավարության ջանքերին», - ասել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության նախարար Հիլարի Քլինթընի հետ Գանայում այցով գտնվող ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը:

Այս ընթացքում դիվանագիտական շրջանակներում քննարկվում է Ալժիրի նախկին արտգործնախարար Լախդար Բրահիմիի կողմից Քոֆի Անանին որպես Սիրիայում Միավորված Ազգերի Կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի հանձնակատարի պաշտոնում փոխարինելու հնարավորությունը: Հնարավոր է, որ Բրահմանին փոխարինի Անանին արդեն գալիք շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Քոֆի Անանն անցյալ շաբաթ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատարի պաշտոնը զբաղեցնելուց հրաժարական էր ներկայացրել՝ հրաժարականը հիմնավորելով այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն անհնար էր դարձրել իր աշխատանքը շարունակելը:

Մեծ Բրիտանիան ուրբաթ օրը հայտնել է Սիրիայի ապստամբներին որպես օգնություն մոտ ութ միլիոն դոլարի հեռահաղորդակցման սարքավորումներ և բժշկական նյութեր հատկացնելու մասին: Արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ասել է, որ այժմ անհրաժեշտ է կառուցել հարաբերությունները «Սիրիայի ապագա ղեկավարների հետ»:

Գումարները, ըստ Հեյգի, չեն ծախսվելու զենք գնելու նպատակով:

Արտգործնախարար Հեյգն ասել է նաև, որ Մեծ Բրիտանիան ավելացնելու է Սիրիայի ընդդիմության հետ իր ունեցած շփումները՝ շեշտելով, որ ապստամբները պետք է պահպանեն մարդու իրավունքների ստանդարտները:
XS
SM
MD
LG