Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կպահանջի մահապատժի ենթարկել Ցառնաևին


Ջոխար Ցառնաև (արխիվային լուսանկար)

Ջոխար Ցառնաևի դատավարության ամսաթիվը դեռևս չի նշանակվել, սակայն վերջինիս ներկայացվել է 30 մեղադրանք, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մեղադրանքը

ԱՄՆ-ի դատախազությունը կպահանջի մահապատժի ենթարկել անցյալ տարի Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ մեղադրվող կասկածյալին:

ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարության, որի համաձայն Միացյալ Նահանգների կառավարությունը կպահանջի մահապատժի ենթարկել Ջոխար Ցառնաևին՝ վերջինիս մեղավոր ճանաչելու դեպքում:

Դաշնային կառավարությունը հազվադեպ է պահանջում մահապատժի ենթարկել կասկածյալներին և 1988 թվականից ի վեր՝ այն ժամանակից, երբ ավարտվել էր ԱՄՆ-ում մահապատժի ենթարկման մորատորիումը, մահապատիժ է պահանջել սպանություն իրականացնելու մեջ մեղավոր ճանաչված ընդամենը երեք անձի:

ԱՄՆ-ի դատախազությունը մեղադրում է ազգությամբ չեչեն Ջոխար Ցառնաևին, որը հանցագործություն իրականացնելու ժամանակ եղել է 19 տարեկան, և իր եղբայր Թամերլան Ցառնաևին ինքնաշեն երկու ռումբ պատրաստելու և Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ տեղադրելով՝ պայթյուն իրականացնելու մեջ: Պայթյունը, ըստ մեղադրյալի, իրականացվել էր որպես վրեժխնդրություն ԱՄՆ-ի կողմից մահմեդական երկրներում իրականացվող ռազմական գործողությունների համար:

Ջոխար Ցառնաևի դատավարության ամսաթիվը դեռևս չի նշանակվել, սակայն վերջինիս ներկայացվել է 30 մեղադրանք, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մեղադրանքը:

Թամերլան Ցառնաևը սպանվել էր պայթյունների իրականացումից մեկ օր անց ոստիկանության ծառայողների հետ տեղի ունեցած հրաձգության ընթացքում:

Բոստոնի մարաթոնի ընթացքում ինքնաշեն երկու ռումբի պայթյունների իրականացման հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել՝ 264 մարդ: Այս պայթյունները դարձել էին Միացյալ Նահանգների տարածքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումներից հետո ահաբեկչական ամենախոշոր հարձակումը:
XS
SM
MD
LG