Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը լրացուցիչ 30 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Սիրիային


Արտգործնախարար Քլինթընը հորդորել է Սիրիայի ընդդիմությանը սկսել իրական ազդեցություն գործել երկրում ծավալվող իրադարձությունների վրա

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընն այս մասին հայտարարությամբ է հանդես եկել չորեքշաբթի օրը Ավստրալիա կատարվող իր այցի ժամանակ: Քլինթընի համաձայն, տրամադրվելիք օգնության միջոցով Սիրիայի ներսում, ինչպես նաև Թուրքիա, Լիբանան, Հորդանան և Իրաք փախուստի դիմած սիրիացիներին սննդամթերք կտրամադրվի:

Արտգործնախարար Քլինթընը, բացի այդ, հորդորել է Սիրիայի ընդդիմությանը ի կատար ածել Քաթարի մայրաքաղաք Դոհայում վերջերս ստանձնած հանձառությունները և սկսել իրական ազդեցություն գործել Սիրիայում ծավալվող իրադարձությունների վրա:

Այս ընթացքում Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «Սիրիայի բարեկամների» հինգերորդ հանդիպումը կանցկացվի Տոկիոյում նոյեմբերի 30-ին՝ Ճապոնիայի նախագահությամբ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի կողմից Սիրիայի նոր ձևավորված ընդդիմությունը ճանաչելու և ապստամբներին ռազմական օգնություն տրամադրելու մասին: Ֆրանսիան այսպիսով դարձել է եվրոպական առաջին երկիրը, որը պաշտոնապես է ճանաչել Սիրիայի միավորված ընդդիմությունը:

Ֆրանսիայից առաջ Սիրիայի միավորված ընդդիմությունը երկուշաբթի օրը ճանաչվել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կողմից:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, արտգործնախարարության խոսնակ Մարկ Թոները «Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ» է անվանել՝ հավելելով սակայն, որ Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել, թե ինչպես է կազմակերպվելու Սիրիայի ընդդիմությունը, և արդյոք այն կկարողանա արդյունավետորեն ներկայացնել Սիրիայի ժողովրդին:

Եվրոպական այլ պետություններ և Արաբական լիգայի պետությունները հայտնել են Սիրիայի ընդդիմությանը սատարելու մասին, սակայն նշել են, թե դեռևս պատրաստ չեն այն ամբողջությամբ ճանաչելուն:
XS
SM
MD
LG