Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հավաստիացրել է Ռուսաստանին, որ Սնոուդենը խոշտանգումների կամ մահապատժի չի ենթարկվի


ԱՄՆ-ի գլխավոր դատախազ. «ԱԱԾ-ի պայմանագրային նախկին աշխատողի խոշտանգումների կամ մահվան մասին ունեցած մտահոգություններն անհիմն են»

ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը Ռուսաստանի իր գործընկերներին հասցեագրված նամակ է հղել, որտեղ նշել է, որ Էդվար Սնոուդենին Միացյալ Նահանգներին փոխանցելու դեպքում վերջինս չի ենթարկվի խոշտանգումներին և նրան մահապատիժ չի սպառնում:

Հոլդերն իր նամակում անհիմն է անվանել Սնոուդենի կողմից արվող այն հայտարարությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգներում նա կարող է ենթարկվել խոշտանգումների և նույնիսկ մահապատժի:

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազը շեշտել է, որ Սոնոուդենի դեմ ներկայացված մեղադրանքներով մահապատիժ չի նախատեսվում, իսկ խոշտանգումներն ԱՄՆ-ում անօրինական են:

Հոլդերի համաձայն, Միացյալ Նահանգներին Սնոուդենին հանձնելու դեպքում նա անհապաղ կկանգնի սովորական դատարանի առջև:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի ԱԱԾ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի հետ ունեցած հանդիպումից հետո Ռուսաստանում վերջինիս իրավական հարցերում օգնություն տրամադրող փաստաբան Անատալի Կուչերենան ասել է, թե Սնոուդենին «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտին լքելու հնարավորություն ընձեռող փաստաթղթերը դեռևս պատրաստ չեն:

«Այս հարցը դեռևս լուծված չէ: Ցավոք, ստեղծված՝ Ռուսաստանի համար ոչ ստանդարտային իրավիճակը դեմ առ դեմ է կանգնել բյուրոկրատիայի հետ. փաստաթղթերը դեռևս ուսումնասիրվում են: Պետք է որոշ ժամանակ սպասել և հուսալ, որ այս հարցը կլուծվի գալիք մի քանի օրվա ընթացքում», - ասել է Սնոուդենի փաստաբանը:
XS
SM
MD
LG