Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ու Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի շուրջ


U.S. Secretary of State John Kerry attends the East Asia Summit Foreign Ministers' Meeting in Kuala Lumpur, Malaysia, August 6, 2015.
U.S. Secretary of State John Kerry attends the East Asia Summit Foreign Ministers' Meeting in Kuala Lumpur, Malaysia, August 6, 2015.

Ըստ պետքարտուղար Քերիի՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնության են եկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի շուրջ, որը նպատակամղված է Սիրիայում քիմիական զենք կիրառած խմբավորման բացահայտմանը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում նոր բանաձևի շուրջ, որը նպատակամղված է բացահայտելու նրանց ովքեր քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներ են իրականացրել Սիրիայում:

Քերին դրա վերաբերյալ հայտարարել է հինգշաբթի օրը՝ Մալայզիայի Կուալալումպուր քաղաքում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել Հարավ-Արևելյան Ասիայի տարածաշրջանային գագաթաժողովի ընթացքում. «Մենք նաև խոսել ենք ՄԱԿ-ի բանաձևի մասին և իրոք ես համոզված եմ, որ հասել ենք համաձայնության, որը մոտակա ժամանակներս պետք է հանգեցնի նոր բանաձևի քվեարկությանը, ինչն էլ կստեղծի հաշվետվողականության գործընթաց, որը ի սպառ բացակայում էր ինչ այդ»:

Բանաձևը, որը կարող է քվեարկության դրվել շատ վաղ՝ այս շաբաթ, կստեղծի մի խումբ, որը կհետաքննի, թե ով է պատասխանատու քիմիական գրոհների շարքի համար Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը՝ ՔԶԱԿ-ը, փորձում է իրականացնել գրոհների վերաբերյալ փաստահավաք առաքելություն, սակայն ոչ նա ոչ էլ ՄԱԿ-ը լիազորված չեն նշելու պատասխանատուին:

Վաշինգտոնի ու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի միջև 2013 թ-ին կնքված պայմանագրի համաձայն ՔԶԱԿ-ը օգնեց արտաբերել և ոչնչացնել Սիրիայի հայտարարագրած քիմիական զենքերի պաշարները:

Սակայն գրոհները շարունակվում են և կան մտավախություններ, որ Դամասկոսը կիրառում է այլ տեսակի թունավոր նյութեր, ինչպիսին է քլորին գազը, որը չէր նախատեսված պայմանագրում և տեխնիկապես չի դիտարկվում իբրև քիմիական զենք:

Նախագահ Ասադը կտրականապես ժխտում է քիմիական զենքերի կիրառման վերաբերյալ մեղադրանքները, ապստամբներին համարելով պատասխանատու նման հարձակումների համար:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG