ԱՄՆ-ի իշխանություններին են փոխանցվելու շվեյցարական “UBS” բանկում ամերիկացի հարկատուների բանկային հաշիվների մասին մանրամասնություններ: Այս նպատակով, Շվեյցարիայի խորհրդարանը հաստատել է Միացյալ Նահանգների հետ նախապես կնքված պայմանագիրը: Ամերիկյան հարկատուներին առընչվող բանկային գործարքների փաթեթն ԱՄՆ-ի իշխանություններին է տրվելու, այս բանկի միջոցով խարդախության դեպքերին հետամուտ լինելու նպատակով:
Կողմ քվեարկելով պայմանագրի հաստատմանը` Շվեյցարիայի խորհրդարանի ներքին պալատն այս կերպ օրենքի ուժ է տալիս պայմանագրին: Այսուհանդերձ, քննարկվում է նաև օրենքի վերաբերյալ հանրաքվեի անցկացման հնարավորությունը:
Դեռևս 2009-ին կնքված միջպետական պայմանագրի համաձայն, Շվեյցարիայի իշխանությունները խոստացել են պաշտոնական Վաշինգտոնին տրամադրել “UBS” բանկի 4,450 հաճախորդների անուններ: Սրանք բանկի այն հաճախորդների անուններն են, ում կասկածում են ԱՄՆ-ում հարկերից խուսափելու մեջ:
Հարկ է նշել նաև, որ օրինագիծը Շվեյցարիայի խորհրդարանի ներքին պալատի հավանությանն է արժանանում, երկրի 2 ազդեցիկ քաղաքական կուսակցությունների կողմից ընդդիմության պայմաններում: Վերջիններիս հիմնական փաստարկն այն է, թե այս կերպ վտանգվում է բանկային տեղեկատվության գաղտնիության շվեյցարական ավանդույթը: