Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի զինված լրացուցիչ ստորաբաժանումները դուրս են բերվել Աֆղանստանից


Աֆղանստանում այժմ մնացել է Միացյալ Նահանգների 68 հազար զինծառայող

Ավելի քան երկու տարի առաջ Աֆղանստան ուղարկված Միացյալ Նահանգների զինված լրացուցիչ ստորաբաժանումների 33 հազար զինծառայողների վերջին ջոկատն այսօր դուրս է բերվել Աֆղանստանից:

Այս մասին հաղորդագրությունը հաստատել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան: Նոր Զելանդիայի իր գործընկերոջ հետ Օքլենդ քաղաքում համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Պանետան գովասանքի խոսքեր է ուղղել Միացյալ Նահանգների զինծառայողներին՝ ասելով, որ լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկելու նպատակն իրագործված է՝ թալիբների ուժերի հզորության աճը ձախողվել է, և Աֆղանստանը կարողացել է զարգացնել անվտանգության իր ստորաբաժանումների մարտունակությունը:

Աֆղանստանում այժմ մնացել է Միացյալ Նահանգների 68 հազար զինծառայող՝ նույն թիվը, որն առկա էր երկրում լրացուցիչ ստորաբաժանումներն ուղարկելուց առաջ:

ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Աֆղանստանից Միացյալ Նահանգների և դաշնակիցների ստորաբաժանումների մինչև 2014 թվականի վերջը նախատեսված դուրսբերումն իրականացվելու է ըստ ժամանակացույցի:

Հիշեցնենք, որ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներն ուղարկվել են Աֆղանստան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրամանով 2009 թվականի վերջին՝ զինյալների առաջխաղացումը կանխելու և Աֆղանստանի կառավարական ստորաբաժանումներին երկրում անվտանգության ապահովումը վերահսկողության տակ վերցնելու համար օժանդակություն տրամադրելու նպատակով:

Մտահոգություն է այնուամենայնիվ առաջացնում այն հանգամանքը, որ լրացուցիչ ստորաբաժանումների դուրսբերումը համընկել է Աֆղանստանի անվտանգության ստորաբաժանումների կողմից միջազգային իրենց գործընկերների նկատմամբ զենք կիրառելու հաճախության ավելացման հետ:
XS
SM
MD
LG