Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանում մեկնարկել է առողջապահության համակարգի բարեփոխման օրենքի քննությունը


ԱՄՆ-ի Գերագույն դատարանում մեկնարկել է նախագահ Օբամայի հեղինակած առողջապահության համակարգի բարեփոխման օրենքի քննությունը, որի արդյունքները կարող են ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգներում այս տարի անցկացվող նախագահական ընտրությունների, ինչպես նաև հեռու գնացող հետևանքներ ունենան երկրում առողջության ապահովագրության ծավալի և արժեքի վրա:

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը երեք օրվա ընթացքում 5,5 ժամ է նվիրելու օրենքի շուրջ բանավոր փաստարկների ներկայացման՝ բացառիկ դեպք դատարանի կողմից մեկ գործին նվիրված ժամանակի առումով:

Երկրի Գերագույն դատարանում առողջապահության համակարգի բարեփոխման օրենքի երկուշաբթի օրը մեկնարկած քննությունը գրավել է օրենքի բազմաթիվ կողմնակիցների և ընդդիմախոսների ուշադրությունը, որոնք ցույցեր են անցկացրել դատարանի շենքի մոտակայքում:

Օրենքի կողմնակիցները պնդում են, թե այն թույլ կտա առողջապահական ապահովագրություն տրամադրել ապահովագրություն չունեցող միլիոնավոր ամերիկացիներին և երկարաժամկետում կրճատել առողջապահության ոլորտի ծախսերը: Ընդդիմախոսները սակայն կարծում են, որ օրենքն ընդունելու դեպքում առողջապահական ծախսերը զգալիորեն կավելանան, իսկ տրամադրվող սպասարկման որակը՝ կնվազի:

Գործով լսումների արդյունքը կախված է նրանից, թե արդյոք Գերագույն դատարանի ինը դատավորները կսատարեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին և որոշում կկայացնեն օրենքին իրենց աջակցության մասին, թե կպաշտպանեն ընդդիմախոսների կողմը, որոնք պնդում են, թե օրենքն ընդունելու միջոցով դաշնային կառավարությունը փորձում է հակասահմանադրական ներխուժում կատարել ամերիկացիների կյանք:

Այս գործով ԱՄՆ-ի Գերագույն դատարանը պետք է որոշում կայացնի մինչև այս տարվա հունիսի վերջ և սպասվում է, որ որոշումը մեծ ազդեցություն կունենա ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Հիշեցնենք, որ այս օրենքին ընդդիմության արդյունքում սկիզբ է առել պահպանողական «Թեյախմության կուսակցություն» շարժումը, ինչն իր հերթին նպաստել էր, որ հանրապետականները 2010 թվականին կայացած ընտրությունների արդյունքներով վերահսկողություն հաստատեն ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նկատմամբ:

XS
SM
MD
LG