Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավանության է արժանացրել առողջապահության համակարգի բարեփոխման Օբամայի ծրագիրը


Միթ Ռոմնին խոստացել է անմիջապես չեղյալ հայտարարել այս օրենքը՝ նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հինգշաբթի օրը կարևոր հաղթանակ է պարգևել Միացյալ Նախագահ Բարաք Օբամային՝ 5՝ կողմ, 4՝ դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացնելով երկրի առողջապահական համակարգում բարեփոխումների իրականացման վիճահարույց ծրագիրը:

Այսպես կոչված «անհատական մանդատը» օրենքի դրույթ է, որն ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացուն կպարտադրի առողջության ապահովագրություն գնել՝ հակառակ դեպքում սահմանելով ֆինանսական պատժամիջոցներ: Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը այս հարցում միացել է դատարանի առավել ազատական դատավորներին՝ մեծամասնության կողմից ներկայացված կարծիքում նշելով, որ «քանի որ Սահմանադրությունը թույլ է տալիս նման հարկ, այն արգելելը կամ դրա խելամտությունն ու արդարությունը քննարկելը դատարանի դերը չէ»:

Նախագահ Օբաման որպես «ամբողջ երկրում ապրող մարդկանց համար» հաղթանակ է գնահատել Գերագույն դատարանի որոշումը:

Նա ասել է, որ այս օրենքի և այն սատարելու մասին Գերագույն դատարանի որոշման շնորհիվ մարդկանց կյանքը կդառնա առավել ապահով, իսկ դատարանի որոշմամբ վերահաստատեց այն, որ Միացյալ Նահանգներում՝ աշխարհի ամենահարուստ երկրում, որևէ հիվանդության կամ պատահարի արդյունքում ոչ մի ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը չպետք է քայքայվի:

ԱՄՆ-ում 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահ Օբամայի հիմնական մրցակից Միթ Ռոմնին խոստացել է չեղյալ հայտարարել այս օրենքը նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը:

«Օբամաքեյրը քաղաքական վատ որոշում էր երեկ: Այն քաղաքական վատ որոշում է մնացել այսօր», - ասել է Ռոմնին՝ զգուշացնելով, որ այս օրենքի ընդունման պատճառով մոտ 20 միլիոն ամերիկացի կարող են զրկվել իրենց նախընտրած առողջապահական ապահովության տեսակներից: Նրա համաձայն, օրենքը կարող է նաև դառնալ աշխատատեղերի կրճատման պատճառը:
XS
SM
MD
LG