Մատչելի հղումներ

Իսպանիան ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ-ի դեսպանին


«El Mundo» և «El Pais» պարբերականների համաձայն, ԱՄՆ-ի ԱԱԳ-ը իրականացրել է Իսպանիայի ավելի քան 60 միլիոն քաղաքացու հեռախոսազանգերի մոնիթորինգը

Իսպանիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Կոստոսը երկուշաբթի օրը հրավիրվել է արտգործնախարարություն՝ Միացյալ Նահանգների կողմից Իսպանիայի քաղաքացիների նկատմամբ լրտեսական գործողությունների իրականացման մեղադրանքների կապակցությամբ:

Երկրում լույս տեսնող «El Mundo» և «El Pais» պարբերականների կողմից երկուշաբթի օրը հրապարակված հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունն անցյալ տարվա դեկտեմբերի 10-ից մինչև այս տարվա հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է Իսպանիայի ավելի քան 60 միլիոն քաղաքացու հեռախոսազանգերի մոնիթորինգը:

Ըստ պարբերականների, այս մասին վկայում է ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից տրամադրված փաստաթուղթը:

«El Mundo» պարբերականը, բացի այդ, հաղորդել է, որ Իսպանիայի քաղաքացիների անձնական տեղեկություններ ներխուժումը կատարվել է նաև համացանցային բրաուզերների՝ դիրտարկիչների, էլեկտրոնային փոստի և սոցիալական ցանցերի՝ «Facebook»-ի և «Twitter»-ի միջոցով:

Այս ընթացքում ԱՄՆ-ի առաջատար «The Wall Street Journal» պարբերականը, վկայակոչելով իր անունը հրապարակելուց հրաժարված ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկին, հաղորդել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման գրեթե հինգ տարի տեղյակ չէր երկրի լրտեսների կողմից աշխարհի պետությունների առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի, հեռախոսազանգերի գաղտնալսման ծրագրի իրականացման մասին:

Պարբերականի կողմից երկուշաբթի օրը հրապարակված հոդվածում ասված է, որ նախագահ Օբաման գաղտնալսումների մասին տեղեկացել էր՝ իր կողմից մի քանի ամիս առաջ հետախուզական գործակալությունների գործունեության ներքին ստուգում անցկացնելու մասին կարգադրություն արձակելուց հետո:

«The Wall Street Journal»-ի համաձայն, հետախուզական ծառայությունների գործունեության ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ն իրականացնում էր աշխարհի բազմաթիվ պետությունների առաջնորդների հեռախուսազրույցների գաղտնալսումը: Աշխարհի պետությունների ղեկավարների հեռախոսազանգերի գաղտնալսման գործելակերպին, ըստ պարբերականի, վերջ էր դրվել այն բանից հետո, երբ այս ծրագրի իրականացման մասին տեղեկացել էր ԱՄՆ-ի Սպիտակ տունը:
XS
SM
MD
LG