Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են մեկնարկել


Ի տարբերություն նախորդ տարիներին, «Ուլչի ազատության պահապան» զորավարժություններին Հյուսիսային Կորեայի արձագանքը զուսպ է եղել

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները երկուշաբթի օրը մեկնարկել են ամենամյա համատեղ զորավարժությունները:

«Ուլչի ազատության պահապան» անվանումը կրող համատեղ զորավարժությունները նպատակ են հետապնդում փորձարկելու դաշնակիցների փոխազդեցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հարձակման դեպքում:

Չնայած երկուշաբթի օրը մեկնարկած զորավարժությունները հիմնականում անցկացվում են համակարգչային մոդելավորման ռեժիմում, դրանցում այնուամենայնիվ կմասնակցի Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների մոտ 80 հազար զինծառայող:

Փխենյանը սովորաբար մեծ զայրույթով է անդրադառնում Հարավային Կորեայում անցկացվող զորավարժություններին՝ պնդելով, որ դրանք անցկացվում են պատերազմ նախապատրաստվելու նպատակով: Այժմ սակայն, երբ լարվածությունը Կորեական թերակղզում նվազում է, Հյուսիսային Կորեայի արձագանքը զուսպ է եղել:

Հյուսիսային և Հարավային Կորեաներն անցյալ շաբաթ համաձայնություն են ձեռք բերել համատեղ արտադրական Կեսոն գոտում աշխատանքները վերսկսելու մասին:

Փխենյանը նախօրեին համաձայնվել է մասնակցել Կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների վերականգնման մասին բանակցություններին:
XS
SM
MD
LG