ԱՄՆ-ի Սենատն ընդունել է օրինագիծ, որով կոնգրեսականներին, օրենսդիրների բարձրաստիճան խորհրդականներին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվում է գնել կամ վաճառել բաժնետոմսեր ներքին տեղեկություններից օգտվելու միջոցով։
Սենատը օրինագիծն ընդունել է հինգշաբթի օրը՝ ձայների 96 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ։
Օրինագիծ այժմ կփոխանցվի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկման, որտեղ այն ընդունելու կողմնակիցները բավականին շատ են։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով իր գոհունակությունը Սենատի որոշմամբ։
Ըստ Օբամայի, նման օրինագծի ընդունումը «Վաշինգթոնի և Ամերիկայի ժողովրդի միջև վստահության վերականգնմանն ուղղված կարևոր քայլ է»։
Օրնագիծը սահմանում է, որ օրենսդիրներն ու նրանց խորհրդականները պարտավոր են իրենց կողմից իրականացրած՝ բաժնետոմսերի առուվաճառքին առնչվող և 1000 դոլարը գերազանցող գործարքները հրապարակել երեսուն օրվա ընթացքում, այլ ոչ տարին մեկ անգամ։