Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ջենեթ Ելենի թեկածությունը երկրի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում


Ջենեթ Ելենը դարձել է առաջին կինը, որը գլխավորելու է արդեն ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող Դաշնային պահուստային համակարգը

ԱՄՆ-ի Սենատը Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում հաստատել է Ջենեթ Ելենին, որի թեկնածությանը տրված ձայների հարաբերակցությունը կազմել է 56-ը՝ կողմ, 26-ը՝ դեմ:

Ջենեթ Ելենը դարձել է առաջին կինը, որը գլխավորելու է արդեն ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող Դաշնային պահուստային համակարգը, որի նախագահի պաշտոնում ինքը կփոխարինի Բեն Բերնանկերին: Բերնանկերի ութամյա պաշտոնավարության ժամկետը լրանում է այս տարվա հունվարի վերջին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով երկրի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Ջենեթ Ելենի նշանակմանը, ասել է, որ նա քաջ գիտակցում է, որ դրամական քաղաքականության նպատակը աշխատավորների և նրանց ընտանիքների կյանքի բարելավումն է:

Միացյալ Նահանգների դաշնային պահուստային համակարգի նախագահը շատ հաճախ մեծ ազդեցություն է ունենում համաշխարհային տնտեսության մեջ ընդունվող որոշումների վրա: Տնտեսագետների կանխատեսումների համաձայն, ներկայում ԱՄՆ-ի կենտրոնական բանկի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող 67-ամյա Ելենը կշարունակի Բեն Բերնանկեի կողմից իրականացվող քաղաքականությունը: Ելենը, ինչպես նաև Բերնանկեն, հորդորել է աստիճանաբար դադարեցնել ԱՄՆ-ի կենտրոնական բանկի կողմից երկրի տնտեսությանը ուղղակի տրամադրվող օժանդակությունը, ինչպես նաև չափազանց ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը:
XS
SM
MD
LG