Մատչելի հղումներ

Զեկույց. «Իրաքում և Աֆղանստանում վատնած միջոցների ծավալը կազմել է առնվազն 60 միլիարդ դոլար»


Զեկույց. «Իրաքում և Աֆղանստանում վատնած միջոցների ծավալը կազմել է առնվազն 60 միլիարդ դոլար»

ԱՄՆ-ի կողմից Իրաքում և Աֆղանստանում կատարված ծախսերի հետաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ վատնելու և խարդախության պատճառով այս երկու պետություններում ԱՄՆ-ի կողմից կրած ֆինանսական վնասները կազմել են մոտ 60 միլիարդ դոլար:

Այս եզրակացությունն արվել է պատերազմական երկու գոտիներում կապալառուների ծառայությունների հետաքննությանն ուղղված երեք տարվա ընթացքում իրականացված հետաքննության արդյունքում:

Փորձագետների հանձնաժողովի կողմից կազմված և ԱՄՆ-ի Կոնգրեսին չորեքշաբթի օրը ներկայացված զեկույցում նշվել է նաև, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում ֆինանսական միջոցների կորուստը շարունակելու է աճել:

Փորձագետների խմբի անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Քլեյր ՄըքՔասքիլը, որը մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից այս հանձնաժողովի ստեղծման համար, Իրաք և Աֆղանստան ուղղված միջոցների գրեթե մեկ երրորդի վատնման փաստը «պարզապես գարշելի է» անվանել: Իր խոսքով, վատնման և խարդախությունների տարածումը «ցնցող» է:

«Իրաքում և Աֆղանստանում պատերազմական ժամանակ կապալի պայմանագրերի ուսումնասիրության հանձնաժողով»-ն իր գործունեությունը մեկնարկել է 2008 թվականից, որից հետո դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատորներ ՄըքՔասքիլի և Ջիմ Ուեբի պնդմամբ անցկացվել է մեկ տասնյակից ավելի լսում: Հանձնաժողովն ուսումնասիրել է մինչև այս տարվա ավարտը կնքված պայմանագրերի հիման վրա ավելի քան 200 միլիարդ դոլար կազմող ծախսերը:

Փորձագետների հանձնաժողովի եզրակացության համաձայն, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Իրաքում և Աֆղանստանում Միացյալ Նահանգների կառավարության կողմից օգտագործվող մասնավոր ընկերությունների և անհատների կողմից իրականացվող ծրագրերը վատնել են առնվազն 31 միլիարդ դոլար, սակայն հավանական է, որ կորուստների իրական ծավալը կազմի մոտ 60 միլիարդ դոլար:

Զեկույցի համաձայն, ամենամեծ խնդիրը կազմում է վատնումը, որի պատճառներն են սխալ որոշումների ընդունումը, ոչ հստակ պահանջները և վերապատրաստման պակասը: Փորձագետները նշել են նաև, որ Իրաքում և Աֆղանստանում իրականացվող խոշոր ծրագրերի ֆինանսավորումը հնարավոր չէ շարունակել ԱՄՆ-ի անձնակազմի հեռանալուց հետո:

240-էջանող հաշվետվության մեջ նշվում է նաև, որ վատնումից ու խարդախություններից հնարավոր էր խուսափել առավել լավ կազմակերպված վերահսկողության և այլ միջոցառումների իրականացման միջոցով: Հանձնաժողովը ներկայացրել է 15 առաջարկություն` ապագայում նման խնդիրներից խուսափելու նպատակով:

XS
SM
MD
LG