Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում՝ Աֆղանստանում խաղաղության շուրջ բանակցությունները չդադարեցնելու համար


Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետները շտապ ջանքեր են գործադրում՝ Աֆղանստանի իշխանությունների հետ երկրում խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների դադարեցումը թույլ չտալու համար:

ԱՄՆ-ի դիվանագետները նման քայլերի ստիպված են եղել դիմելու այն բանից հետո, երբ Աֆղանստանի իշխանությունները կտրուկ դեմ են արտահայտվել թալիբների հետ բանակցություններ վարելու Միացյալ Նահանգների ծրագրերին:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին հայտնել է այն մասին, որ արտգործնախարար Ջոն Քերին երկու անգամ զրուցել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ՝ վերջինիս մտահոգությունները թեթևացնելու նպատակով:

Միացյալ Նահանգների ներկայացուցիչների և թալիբների միջև բանակցությունները պետք է մեկնարկեին հինգշաբթի օրը Քաթարի մայրաքաղաք Դոհայում, սակայն այժմ բանակցությունների սկզբի ժամկետն անհայտ է:

Աֆղանստանի նախագահ Քարզայի զայրույթն ըստ էության առաջացրել է Դոհայում այս շաբաթվա սկզբին թալիբների քաղաքական գրասենյակի բացումը, ինչի պատճառով նա դադարեցրել էր 2014 թվականին ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում Միացյալ Նահանգների ներկայության կանոնակարգման նվիրված բանակցությունները:

Նախագահ Քարզայի դժգոհության պատճառն է դարձել այն անվանումը, որի ներքո այս շաբաթվա սկզբին թալիբները բացել էին իրենց ներկայացուցչությունը, որտեղ տեղադրվել էր «Աֆղանստանի Իսլամական Էմիրատի գրասենյակ» ցուցանակը:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փսաքիի համաձայն, այդ միջադեպին միջամտել էր Քաթարի արտգործնախարարությունը, և ցուցանակը փոխարինվել է «Աֆղանստանի թալիբների քաղաքական գրասենյակ» ցուցանակով:

Քաբուլը, բացի այդ, պնդում է, որ Աֆղանստանի տարածքից դուրս թալիբների հետ պաշտոնական հանդիպման անցկացումը նվաստացնում է Աֆղանստանի կառավարության դերը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով այս իրադարձություներին, նախօրեին ասել էր, թե Աֆղանստանի իշխանությունների արձագանքն իր մոտ զարմանք չի առաջացնում, քանի որ, «Միացյալ Նահանգների պաշտոնյաներն ակնկալում էին որոշ տարաձայնություններ գործընթացի սկզբում»:

Հանդես գալով չորեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ անցկացվող համատեղ հարցազրույցի ընթացքում՝ նախագահ Օբաման հույս էր հայտնել, որ, չնայած դժվարությունների, Աֆղանստանում մերձեցման գործընթացը կշարունակվի:
XS
SM
MD
LG