Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սպիտակ տունը խորհուրդ չի տալիս գնել Ռուսաստանի ընկերությունների արժեթղթերը


«Ձեր տեղում ես ներկայում գումար չէի ներդնի Ռուսաստանի արժեթղթերի մեջ, եթե խոսքը չի դնում կարճաժամկետ գործարքների մասին». ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հանդես է եկել անսովոր նախազգուշացմամբ՝ խորհուրդ չտալով ներդրողներին գնել Ռուսաստանի ընկերությունների արժեթղթերը:

«Ձեր տեղում ես ներկայում գումար չէի ներդնի Ռուսաստանի արժեթղթերի մեջ, եթե խոսքը չի դնում կարճաժամկետ գործարքների մասին», - նշել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին:

Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է պատժամիջոցների նոր շրջանին՝ Քարնին ասել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման փորձը երկարաժամկետում բացասական հետևանքներ է ունենալու Ռուսաստանի տնտեսության համար:

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը մուտքի արգելքներ և ակտիվների սառեցում են կիրառել Ռուսաստանի և Ուկրաինայի մի շարք պաշտոնյաների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Մոսկվայի կողմից Ղրիմի թերակղզու բռնակցման հետ:

Ղրիմում կիրակի օրն անցկացված հանրաքվեին ընդառաջ Ռուսաստանի ֆինանսական շուկայում անկում էր գրանցվել, սակայն արդեն երկուշաբթի օրը շուկան սկսել էր աճել, իսկ երեքշաբթի օրն այնտեղ գրանցվել էր 2 տոկոսի աճ:

Ռուսաստանի արժույթը՝ ռուբլին, բացի այդ, ամրապնդվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունից հետո, որի համաձայն Մոսկվան չի ձգտում Ուկրաինայի հետագա մասնատման:

Ներդրողները նշել են, որ պատժամիջոցներ չեն ընդունվել Ռուսաստանի առևտրային ընկերությունների ու գործարար աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ, սակայն Սպիտակ տունը տեղեկացրել է, որ ընդունվելիք նոր պատժամիջոցները կարող են արդեն հարված հասցնել Ռուսաստանի գործարար աշխարհի ուղղությամբ:
XS
SM
MD
LG