Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է գրավոր երաշխիքներ ներկայացնել Ռուսաստանին


ԱՄՆ-ը պատրաստ է գրավոր երաշխիքներ ներկայացնել Ռուսաստանին

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկի համաձայն, Միացյալ Նահանգները պատրաստ է «գրավոր ներկայացնել փաստաթուղթ, որի համաձայն Եվրոպայում հակահրթիռային համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ»:

Սպառազինության վերահսկման գծով ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Էլեն Թոշերը, հանդես գալով Վաշինգտոնում անցկացված համաժողովի ընթացքում, ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ հակահրթիռային պաշտպանության գծով:

Թոշերի համաձայն, համագործակցությունը ներառում է Ռուսաստանի հետ համակարգի տեխնիկական տեղեկությունների փոխանակումը՝ հակահրթիռային համակարգի հնարավորությունները բացահայտելու նպատակով:

Մոսկվան դեմ է հանդես գալիս Եվրոպայում Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից ներկայացվող վտանգների դեմն առնելու նպատակով ցամաքային և ծովային հենակետերի վրա հիմնված հակահրթիռային համակարգ ստեղծելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերին: Կրեմլի համաձայն, այն թուլացնելու է Ռուսաստանի անվտանգությունը և կարող է դառնալ Եվրոպայում սպառազինությունների մրցավազքի վերսկսման պատճառը:

Թոշերի համաձայն, Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանին երաշխիքներ ներկայացնել գրավոր տեսքով, սակայն ԱՄՆ-ը չի ստորագրելու պարտադիր ուժ ունեցող որևէ փաստաթուղթ, որը կարող է սահմանափակել հակահրթիռային պաշտպանության համակարգի հնարավորությունները:

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի համաձայն, «կարևոր է, որ պաշտպանությունը շարունակի զարգանալ՝ վտանգների զարգացմանը համահունչ»:

XS
SM
MD
LG