Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուները ուրբաթ օրն ուղերձով կդիմեն երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում պահպանողական ակտիվիստների հավաքի մասնակիցներին:
Միթ Ռոմնին, Ռիք Սանտորումը և Նյութ Գինգրիչը Փենսիլվանիայի նախկին սենատոր Սանտորումի կողմից Միսուրի, Մինեսոտա և Կոլորադո նահանգներում կայացած նախնական ընտրություններում տարված հաղթանակից ընդամենը մի քանի օր անց իրենց խոսքը կհղեն «Պահպանողականների քաղաքական գործողությունների համաժողով»-ի մասնակիցներին:
Հանրապետական ևս մեկ թեկնածու՝ Տեխասի կոնգրեսական Ռոն Փոլը չի մասնակցի «Պահպանողականների քաղաքական գործողությունների համաժողով»-ին:
Սանտորումի կողմից տարված հաղթանակը զգալիորեն ամրապնդել է իր՝ որպես հանրապետականների լիիրավ թեկնածուի դիրքերը և միաժամանակ նոր կասկածներ է առաջացրել Միթ Ռոմնիի՝ պահպանողականներին իր ընտրարշավում ներգրավելու ունակության մասին:
Որպես Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնիի թեկնածության ավելի պահպանողական այլընտրանք Նյութ Գինգրիչի հեղինակությունը զգալի անկում է ապրել Ռոմնիից Ֆլորիդա նահանգում անցկացված նախնական ընտրություններում ծանր պարտություն կրելուց հետո:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Գինգրիչը Կոլորադոյում անցկացված նախնական ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է երրորդ, իսկ Մինեսոտայում՝ չորրորդ տեղը: Միսուրի նահանգում կայացած նախնական ընտրություններում Գինգրիչը իր թեկնածությունը չի առաջադրել: