Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները մատուցում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հարգանքի տուրքը


ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը ծաղկեպսակ դրեց Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունում՝ հարգանքի տուրք մատուցելով 2001 թվականի սեպտեմբերի 11–ի զոհերին։

Դիմելով Պենտագոնում անցկացված հիշատակի արարողության մասնակիցներին՝ Օբաման ասաց, որ Միացյալ Նահանգների վրա հարձակվողների թիրախը ոչ միայն շենքերն էին, այլ ինքը՝ Ամերիկայի գաղափարախոսությունը։

Երկրի փոխնախագահ Ջո Բայդընը, պաշտոնատար այլ անձինք և բազում քաղաքացիներ, հիշատակի արարողությանը մասնակցելու համար, հավաքվել էին Նյու Յուրքի «զրոյական կետում»։ Ինը տարի առաջ այս վայրում ահաբեկչական հարձակման հետևանքով փլուզվել էին Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակները։

Ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական արարողությանը մասնակցելուց առաջ փոխնախագահ Բայդընը, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և Նյու Յորք նահանգի նահանգապետ Դեյվիդ Փեթերսընը ծաղիկներ դրեցին «զրոյական կետի» հիշատակի շատրվանի մոտ։

Հիշատակի արարողության ժամանակ ահաբեկչական հարձակումների հետևանքով 2752 զոհվածների անուններն ընթերցեցին նրանց հարազատները։

Հարձակումների տարելիցի օրը երկրում անցկացվեցին զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ։ Առաջին տիկին Միշել Օբաման և նախկին առաջին տիկին Լորա Բուշն այցելեցին Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ քաղաքը, որտեղ տեղի էր ունեցել առևանգված չորրորդ ինքնաթիռի վթարը։

XS
SM
MD
LG