Մատչելի հղումներ

ԱՄՆ. «Իրանը, Չինաստանն ու Սաուդյան Արաբիան՝ որպես կրոնական ազատությունների հիմնական խախտող»


ԱՄՆ. «Իրանը, Չինաստանն ու Սաուդյան Արաբիան՝ որպես կրոնական ազատությունների հիմնական խախտող»
ԱՄՆ. «Իրանը, Չինաստանն ու Սաուդյան Արաբիան՝ որպես կրոնական ազատությունների հիմնական խախտող»

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ իր տարեկան զեկույցը, որտեղ Իրանը, Չինաստանն ու Սաուդյան Արաբիան նշվել են որպես կրոնական ազատությունների հիմնական խախտող:

Զեկույցում, ի թիվս այլ պետությունների, գովասանքի խոսք է ուղղվել Թուրքիային և Պակիստանին՝ կրոնական ազատությունների պայմանները բարելավելու ուղղությամբ տարված աշխատանքի համար:

Աշխարհում կրոնական ազատությունների մասին զեկույցի վերաբերյալ 1998 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն, կրոնական ազատությունների մասին զեկուցում չի նախատեսվում խիստ պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են կրոնական ազատությունները.

Անդրադառնալով Հայաստանում կրոնի ազատության բնագավառում տիրող իրավիճակին, փաստաթղթում նշված է, որ չնայած երկրի Սահմանադրությունում ամրագրված է դավանանքի ազատության սկզբունքը, սակայն «քաղաքականությունն ու այլ օրենքներ որոշ սահմանափակումներ են հաստատում կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատության հարցում»:

Զեկույցում նշվել է նաև, որ, որպես կանոն, պետությունը իրավական սահմանափակումներ չի պարտադրում դավանանքի ազատության հարցում, և հաշվետու ժամանակաշրջանում իշխանությունների կողմից դավանանքի ազատության հանդեպ հարգանքի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

ԱՄՆ-ի արտգործնախարարության զեկույցում նշվել է, որ կան տեղեկություններ Հայաստանում կրոնական պատկանելիության, համոզմունքի կամ դավանանքի պատճառով խտրականության և սոցիալական չարաշահումների մասին:

Զեկույցում ասված է, որ Հայաստանի սահմանադրության համաձայն, «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Փաստաթղթում նշվել է, որ Սահմանադրությամբ և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի օրենքով նախատեսվում է եկեղեցու և պետության առանձնացում, սակայն որպես ազգային եկեղեցի Հայ առաքելական եկեղեցուն տրվել է պաշտոնական կարգավիճակ: Այս օրենքով Հայ առաքելական եկեղեցուն տրվում են որոշ արտոնություններ, որոնք հասանելի չեն կրոնական այլ կազմակերպություններին:

Զեկույցի համաձայն, գրանցված կրոնական խմբերի մեծ մասը իրենց գործունեությունը խոչընդոտող էական իրավական խնդիրների մասին չեն հաղորդել:

Զեկույցում նշվել է նաև, որ հաշվետու ժամանակաշրջանում տեղական դիտորդները հայտնել են, որ դպրոցներում առկա է բացասական վերաբերմունք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներից բացի այլ կրոնական խմբերի անդամ ուսուցիչների ու աշակերտների նկատմամբ:

Զեկույցի «Դավանանքի ազատության խախտումներ» բաժնում նշվել է, որ Հայաստանում կան դավանանքի ազատության խախտման, այն թվում՝ կրոնական հայացքների համար բանտարկելու ու ձերբակալելու դեպքեր:

Զեկույցում նշվել է նաև, որ Հայաստանում լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ Հանրային հեռուստաալիքը, իրենց հաղորդումներում և հրապարակումներում Հայ առաքելական եկեղեցուց բացի այլ կրոնական խմբերը շարունակում են պիտակավորել իբրև «աղանդ», իսկ տարբեր հեռուստաալիքներ շարունակել են ցուցադրել քննարկումներ, որոնց ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն ու այլ մասնակիցներ կրոնական փոքրամասնությունները ներկայացրել են իբրև ազգային միասնության և պետականության թշնամի:

ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող մասում նշվել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է դավանանքի ազատությանը վերաբերող հարցերը Հայաստանի իշխանությունների հետ՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր ընդհանուր քաղաքականության շրջանակներում, և ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները սերտ կապեր են պահպանում ինչպես կաթողիկոսի, այնպես էլ այլ կրոնական խմբերի առաջնորդների հետ:

XS
SM
MD
LG