Մատչելի հղումներ

ԱՄՆ. «Եգիպտոսում պետք է անցում կատարվի դեպի բոլոր կողմերը ներառող կառավարություն»


ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Բերնսն առաջինն է Միացյալ Նահանգների պաշտոնյաներից, ով այց է կատարում Եգիպտոս՝ նախագահ Մորսիին պաշտոնանկ անելու ժամանակից

Եգիպտոսի մայրաքաղաք այցով ժամանել են Միացյալ Նահանգների պաշտոնյաներ, որոնք նախատեսում են հանդիպում անցկացնել Եգիպտոսի ժամանակավոր ղեկավարության հետ, որի ընթացքում կքննարկվի դեպի բոլոր կողմերը ներառող, ժողովրդավարական եղանակով ընտրված քաղաքացիական կառավարություն անցնելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ուիլյամ Բերնսն առաջինն է Միացյալ Նահանգների պաշտոնյաներից, ով այց է կատարում Եգիպտոս՝ այս ամսվա սկզբից զինված ուժերի կողմից Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիին պաշտոնանկ անելու ժամանակից:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, երկուշաբթի օրը կայանալիք բանակցությունների ընթացքում ներկա կլինեն նաև Եգիպտոսի քաղաքացիական հասարակության և գործարար շրջանակների առաջնորդները:

Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրությունն» այս ընթացքում կոչ է արել իր կողմնակիցներին բողոքի խաղաղ նոր ցույց անցկացնել Կահիրեում: Եգիպտոսի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող մզկիթներից մեկի մոտակայքում արդեն մի քանի օր շարունակվում է հանրահավաք, որի մասնակիցները պահանջում են նախկին նախագահին վերադարձնել նախագահական լիազորությունները:

Եգիպտոսի Սինայի թերակղզում գտնվող Էլ-Արիշ քաղաքի մոտակայքում երկուշաբթի օրը զինյալները հարձակում են իրականացրել այնտեղ գտնվող գործարաններից մեկի աշխատողներին տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ: Իշխանությունների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք, վնասվածքներ ստացել՝ 17 մարդ:
XS
SM
MD
LG