Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Փոստային ծառայությունում պետք է փոփոխություններ իրականացվեն՝ ֆինանսական աղետից խուսափելու նպատակով


ԱՄՆ-ի Փոստային ծառայությունում պետք է փոփոխություններ իրականացվեն՝ ֆինանսական աղետից խուսափելու նպատակով
ԱՄՆ-ի Փոստային ծառայությունում պետք է փոփոխություններ իրականացվեն՝ ֆինանսական աղետից խուսափելու նպատակով

Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը հսկայական ֆինանսական խնդիրներ ունի: Անցյալ տասը տարիներին նամակների ծավալը նվազել է 50 տոկոսով, գործակալությունը կրել է միլիարդավոր դոլարների հասնող վնաս, և ակնկալվում է, որ այս միտումը կշարունակվի:

Միացյալ Նահանգներում ավելի շատ փոստային բաժանմունք կա, քան «Մըքդոնալդս», «Սթարբաքս» և «Ուոլմարտ»՝ միասին վերցրած: Այս ծառայությունը ամրագրված է նաև Սահմանադրության մեջ:

Լենրոյ Լիի և իր կնոջ համար Լոս Անջելեսից դուրս գտնվող փոքրիկ փոստային բաժանմունքը իրենց համայնքի կարևոր բաղադրիչն է: Սակայն փոստային բաժանմունքը կարող է շուտով փակվել, քանի որ դրա գործառնական ծախսերը զգալիորեն գերազանցում են ստացված եկամուտը:

Միացյալ Նահանգներում նման ֆինանսական վիճակում է 15 հազար փոստային բաժանմունք, որոնք գալիք չորս տարվա ընթացքում կարող են փակվել:

«Դա վատ է: Սա համայնքային փոստային բաժանմունք է, նման փոքրիկ փոստային բաժանմունքի կարիք կա, քանի որ շատերը չեն կարող հեռու գնալ՝ իրենց փոստն ուղարկելու համար», - ասում է Լին:

Միացյալ Նահանգների փոստային ծառայության խոսնակ Ռիչարդ Մահերի խոսքերով, մարդիկ փոխել են հաղորդակցվելու եղանակները:

«Նամակների փոխարեն ինտերնետ են օգտագործում, իրենց հաշիվները ստանում և վճարում են առցանց», - ասում է Մահերը:

Միայն անցյալ տարի ԱՄՆ-ի Փոստային ծառայությունը ութ և կես միլիարդ դոլարի վնաս է կրել, և, ըստ կանխատեսումների, կորուստն այս տարի կկազմի տասը միլիարդ դոլար:

«Եթե փոստային ծառայությունը առևտրային սովորական կազմակերպություն լիներ, ապա վաղուց կդիմեինք՝ այն սնանկ ճանաչելու համար, և կիրականացվեին վերակազմավորման և վերակազմակերպման միջոցառումները», - ասում է Մահերը:
Սակայն քանի որ Փոստային ծառայությունը պետական գործակալություն է, ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է հաստատի տնտեսման ցանկացած եղանակ:

Նախքան Սենատի լսումները՝ Գլխավոր փոստատար Փեթրիկ Դոնահոն դիմել էր աշխատողների առողջապահության նպաստները և կենսաթոշակային ծրագրերը փոփոխելու, ինչպես նաև շաբաթ օրերին առաքումը դադարեցնելու խնդրանքով:

«Կարծում եմ՝ շաբաթական փոստ առաքելով հինգ օրվա ընթացքում կկարողանանք տարեկան տնտեսել երեք միլիարդ դոլարից ավելի գումար», ասում է Դոնահոն:

Ըստ Դոնահոյի, գործակալությունը պետք է մինչև 2015 թվականը կրճատի 220 հազար աշխատատեղ:

«Փոստային բաժանմունքների աշխատողների հոգեբանական իրավիճակը բավականին ցածր է», - ասում է Դենահոն:

Նույնիսկ եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատի փոփոխությունները, խոսնակ Ռիչարդ Մահերի խոսքերով՝ Փոստային ծառայության հիմնական առաքելությունը չի փոխվի, և կազմակերպությունը կշարունակի կատարել փոստային առաքումներն Միացյալ Նահանգների բոլոր բնակավայրերի բնակիչներին:

«Մեզ անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել, և կազմակերպությունն անպայման կփոխվի», - ասում է Մահերը:

Մահերի խոսքերով՝ Կոնգրեսի կողմից հաստատվելուց հետո փոփոխություններից շատերը կիրականացվեն անմիջապես:

XS
SM
MD
LG