Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մատնանշում է Ռուսաստանի իշխանությունների դերը Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման մեջ


ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի համաձայն, արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը կապ է հաստատել Եվրամիության իր գործընկերների հետ և ներողություն խնդրել

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը մեղադրել է Ռուսաստանին ԱՄՆ-ի բարձրաստիճան երկու դիվանագետների միջև գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման մեջ, որտեղ վերջիններս արհամարհական մեկնաբանություններ են թույլ տվել Եվրամիության հասցեին:

«YouTube» կայքում հրապարակված ձայնագրության մեջ Միացյալ Նահանգների արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայթեթի ձայները հիշեցնող ձայներով խոսող զրուցակիցները քննարկում են միջազգային հանրության կողմից Ուկրաինայում ծավալված ճգնաժամը կարգավորելուն ուղղված ջանքերը: Հեռախոսազրույցի ձայնագրության ընթացքում Վիկտորիա Նուլանդի ձայնը հիշեցնող ձայնով խոսող զրուցակիցը գռեհիկ արտահայտություն է հնչեցնում՝ արտահայտելու համար Եվրամիության դիրքորոշումն անտեսելու անհրաժեշտության մասին իր կարծիքը:

Այս միջադեպին անդրադարձել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին, որի համաձայն նման գործողությունները Ռուսաստանի կողմից օգտագործվող հրապարակումների մեթոդների նոր «ցածր կետ են»:

«Դա այն է, ինչ նրանք ակտիվորեն գովազդում են, հրապարակում, հաղորդագրություններ են տարածում և, անշուշտ, մենք կարծում ենք, որ այն իրենից նոր «ցածր կետ» է ներկայացնում», - ասել է Փսաքին:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը և իր գործընկեր, ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին նշել են, որ ԱՄՆ-ի դիվանագետների միջև ենթադրաբար տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին տեղեկությունները առաջինը սկսել էր տարածել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Բացի դրանից, «YouTube»-ում հրապարակված ձայնագրությունը ուղեկցվում է ռուսերեն տեքստով, ինչը ըստ էության նշանակում է, որ ձայնագրությունը հրապարակվել է Ռուսաստանի իշխանությունների հետ բարյացակամ հարաբերություններ ունեցող աղբյուրի կողմից:

ԱՄՆ-ի պաշտոնյաները սակայն որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել ձայնագրության հնարավոր աղբյուրների վերաբերյալ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի համաձայն, արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը կապ է հաստատել Եվրամիության իր գործընկերների հետ և ներողություն խնդրել:
XS
SM
MD
LG