Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Պակիստանը ՆԱՏՕ-ի մատակարարման ուղիների շուրջ փոխըմբռնման հուշագիր կստորագրեն


ԱՄՆ-ը և Պակիստանը պատրաստվում են ստորագրել Պակիստանի տարածքով Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներին անհրաժեշտ ապրանքների մատակարարման ուղիներին վերաբացման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ:

Պակիստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մոազամ Ահմեդ Խանը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ Միացյալ Նահանգներն ու Պակիստանը գրեթե ամբողջացրել են տեխնիկական մակարդակի վրա կատարվող իրենց քննարկումները, և կողմերից յուրաքանչյուրն այժմ իրականացնում է ներքին քննարկումներ:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրման ամսաթիվը դեռևս սակայն չի որոշվել:

Խանի համաձայն, հուշագիրը ստորագրելուց առաջ Պակիստանում հուշագիրը պետք է քննարկվի երկրի քաղաքական կուսակցությունների և շահագրգիռ այլ կողմերի հետ:

Պակիստանի ազգականներն ու պահպանողական կազմակերպությունները դեմ են հանդես գալիս երկրի կառավարության կողմից ՆԱՏՕ-ի մատակարարման ուղիների վերաբացման մասին ընդունված որոշումը:

Արտաքին գերատեսչության խոսնակ Խանի համաձայն, «Պակիստանը ժողովրդավարական երկիր է, և կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը»:

ԱՄՆ-ի և Պակիստանի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում անցյալ շաբաթ վերսկսել են Պակիստանի տարածքով դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի պաշարների բեռնափոխադրումները:

Պակիստանի կառավարությունը հավանության է արժանացել երկրի ռազմական հանձնաժողովի կողմից ՆԱՏՕ-ի մատակարարման ուղիները բացելու մասին ընդունված որոշումը: Իսլամաբադը հույս է հայտնել, որ մատակարարման ուղիների վերաբացումը կնպաստի Աֆղանստանում անցումային գործընթացի հաջող իրականացմանը, որտեղից միջազգային զինված ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն մինչև 2014 թվականի ավարտը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Պակիստանի իշխանությունները դադարեցրել էին դեպի Աֆղանստան տանող մատակարարման ուղիների գործողությունը՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի պատճառով Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջանում Պակիստանի 24 զինծառայողի մահվան, և չէին ընդունել ՆԱՏՕ-ի կողմից իրականացված հետաքննության արդյունքները, որոնց համաձայն այս պատահարը տեղի էր ունեցել երկու կողմերի թույլ տված սխալների պատճառով: Միացյալ Նահանգներից Պակիստանը պահանջել էր լիարժեք ներողություն խնդրել այս հարձակման իրականացման համար, սակայն ԱՄՆ-ի պաշտոնյաներն արտահայտել են միայն իրենց «ափսոսանքն ու ցավակցությունը»:
XS
SM
MD
LG