Պակիստանի իշխանությունները նշանակել են ԱՄՆ-ում նոր դեսպան՝ նախկին դեսպանին այս երկրի զինված ուժերի իշխանությունը սահմանափակելու նպատակով ԱՄՆ-ի օգնությանը դիմելու մասին մեղադրանքներ ներկայացնելու պատճառով այս պաշտոնից ազատելուց հետո:
ԱՄՆ-ում նոր դեսպանի պաշտոնում նշանակվել է տեղեկատվության նախկին նախարար Շերի Ռեհմանը, որն իր նշանակումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ իր երկիրն «արդեն իսկ մեծ զոհաբերություններ է արել»:
Նորանշանակ դեսպանը Պակիստանում իշխանության գլուխ կանգնած «Պակիստանի ժողովրդական կուսակցությանը» պատկանող օրենսդիր է, որն ունի մեծ փորձ և կապեր Միացյալ Նահանգներում, որտեղ 1980-ական թվականներին ստացել է կրթություն քաղաքականության և արտաքին հարաբերությունների ոլորտում:
Պակիստանի հետազոտական իրավապաշտպան «Ջինահ ինստիտուտ» կազմակերպության նախագահ Ռեհմանը, որը պաշտպանում է իր երկրում բնակվող փոքրամասնությունների իրավունքները, բազմիցս սպառնալիքներ է ստացել՝ երկրում գործող սրբապղծության մասին օրենքի դեմ հանդես գալու համար:
ԱՄՆ-ում դեսպանի բարձր պաշտոնում իր նշանակումն անսպասելի էր բազմաթիվ վերլուծաբանների համար, քանի որ վերջիններս սպասում էին ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում Պակիստանի զինված ուժերի հետ ավելի սերտ կապեր ունեցող քաղաքական գործչի նշանակման: