Պակիստանի լրտեսական գործակալության աշխատակիցները խրախուսում են թալիբների շարունակվող պայքարը Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի դեմ: Այդ տեղեկատվությունը պարունակող հաշվետվությունը հրապարակել է «Ուոլ սթրիտ ջորնալ» օրաթերթը:
Հաշվետվությունը հրապարակվել է ԱՄՆ-ի կողմից վերջերս հնչեցված քննադատությունից հետո, որի համաձայն Պակիստանը բավարար ջանքեր չի գործադրում զինյալների գործունեությանը վերջ տալու համար:
Հաշվետվությունում մեջբերվում են թալիբների անանուն հրամանատարներից մեկի խոսքերը, որի համաձայն սարսափի մթնոլորտ ստեղծելու համար Պակիստանի «ISI» լրտեսական գործակալությունը պահանջում է, որ թալիբները սպանեն բոլորին` ոստիկաններին, զինվորներին և քաղաքացիական անձանց: Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հերքել է այդ մեղադրանքները:
1990-ականներին Իսլամաբադը օգնում էր, որ Աֆղանստանում թալիբները իշխանության գան, սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական հարձակումներից հետո հրաժարվել է նրանց օգնություն ցուցաբերելուց:
«Ուոլ սթրիտ ջորնալ» օրաթերթի հաշվետվությունը նշում է, որ ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, «ISI» լրտեսական գործակալության որոշ տարրեր պահպանել են կապերը թալիբների և ծայրահեղական այլ խմբավորումների հետ` ԱՄՆ-ի ուժերի դուրս բերելուց հետո Աֆղանստանում Պակիստանի ազդեցությունը պահպանելու նպատակով: