Մատչելի հղումներ

Ամերիկյան «Ջորջ Բուշ» ավիակիրն ուղևորվել է Պարսից ծոց


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակի համաձայն, այս քայլը նախատեսված է՝ ապահովելու համար ճկունությունն այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի պաշտպանել Իրաքում ներկա ամերիկացիներին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելի հրամանով Պարսից ծոց է ուղևորվել Միացյալ Նահանգների ռազմական նավատորմի «Ջորջ Բուշ» ավիակիրը:

Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ, փոխծովակալ Ջոն Քերբին, որի համաձայն այս քայլը նախատեսված է՝ ապահովելու համար անհրաժեշտ ճկունություն այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի պաշտպանել Իրաքում ներկա ամերիկացիներին:

«Ջորջ Բուշ» ավիակիրը Պարսից ծոց է ուղևորվել հրթիռային հածանավի և հրթիռային ուղեկցությամբ:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն իր երկիրը պատրաստ է օգնել Իրաքին՝ վերջինիս խնդրանքի դեպքում, և կարող է նախատեսել աշխատանքը Թեհրանի երկարատև հակառակորդ Միացյալ Նահանգների հետ՝ սունի ծայրահեղականների դեմ պայքար մղելու գործում, եթե Վաշինգտոնը նախատեսի վճռական գործողությունների դիմել վերջիններիս դեմ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրն ասել էր, որ Միացյալ Նահանգներն «իր դերը կունենա» Իրաքի կողմից այս երկրում ակտիվ գործողություններ իրականացնող իսլամիստ զինյալների դեմն առնելու գործում՝ նշելով սակայն, որ ԱՄՆ-ի զինծառայողներ Իրաք չեն ուղարկվի:

«Մենք հետ չենք ուղարկի Միացյալ Նահանգների զինծառայողներին Իրաք՝ այնտեղ կրկին մարտեր վարելու համար», - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ միաժամանակ նշելով, որ ինքն ու ազգային անվտանգության գծով իր խորհրդականներն «ուսումնասիրում են մի շարք հնարավորություններ»:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, հնարավոր է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը վտանգում է ոչ միայն Իրաքի, այլև Միացյալ Նահանգները շահերը:

Նախագահ Օբաման ասել էր նաև, որ Իրաքի վարչապետ, շիա Նուռի ալ-Մալիքիի կառավարությունը պետք է դիմի դիվանագիտական միջոցների և «աշխատի կողքի դնել կրոնական տարբերությունները և հաշվի առնի Իրաքի բոլոր բնակիչների միջև առկա օրինական տարբերությունները»:
XS
SM
MD
LG