Մատչելի հղումներ

Էրիկ Ռուբին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում «ստատուս-քվոն» անընդունելի է»


ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբին
ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբին

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Միացյալ Նահանգների քաղաքականությունը մնում է անփոփոխ»:

«News.az»-ի փոխանցմամբ, այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը՝ հավելելով, որ «Միացյալ Նահանգների դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան վերջնական ակտի սիզբունքները` տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումն ու ազգերի ինքնորոշումը»:

Ռուբինի համաձայն, Միացյալ Նահանգների կառավարությունը չի նախատեսում որևէ փոփոխություններ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զբաղեցրած իր դիրքում:

«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող կողմ, Միացյալ Նահանգները գործադրում է ջանքեր՝ ստեղծելու իրական առաջընթացի գրանցմանը նպաստող մթնոլորտ», - ասել է Ռուբինը՝ հավելելով. «ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որը կարող է նպաստել հակամարտության լուծման ձևաչափին, և ներկայիս իրավիճակը չի կարող շարունակվել անվերջ»:

«Այս դժվարին իրավիճակում «ստատուս-քվոն» անընդունելի է: Այս մասին ես նշել եմ նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում: Մենք ընդհանրապես համաձայն չենք «ստատուս-քվո»-ի հետ: Իրավիճակը վտանգավոր է, սակայն կարծում ենք, որ համաձայնության հասնելուն լավագույնս կնպաստի ներկայիս շրջանակը: Պետք չէ «անիվ հնարել», քանի որ այդ դեպքում կարող ենք կորցնել արդեն իսկ ձեռք բերված առաջընթացը», - նշել է Ռուբինը:

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները մոտակա ժամանակում կկարողանա Ադրբեջանում նոր դեսպան նշանակել:

XS
SM
MD
LG