Մատչելի հղումներ

Օբաման առաջարկում է Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալները թողնել նույնը


Օբաման առաջարկում է Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալները թողնել նույնը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փետրվարի 14-ին ներկայացրել է 2012 թվականի բյուջեի նախագիծը:

Ներկայացված բյուջեի նախագծում 2012 թվականին Հայաստանին հատկացվող օգնության գումարը, որը կազմում է 40 միլիոն դոլար, նույնն է, ինչ 2011 թվականին այս նպատակով առաջարկված գումարը։ Նախագծում առաջարկվել է սակայն դադարեցնել «Համաշխարհային առողջապահության» և «Երեխաների փրկության» գծով Հայաստանին տրամադրվող օգնությունը, որը նախկինում կազմել է տարեկան 400 հազար դոլար։

Բյուջեի նախագծում առաջարկվել է զգալիորեն՝ 25 տոկոսով կրճատել Ադրբեջանին հատկացվող օգնության ծավալները` մոտ 22,1 միլիոն դոլարից նվազեցնելով մինչև 16,6 միլիոնի: «Համաշխարհային առողջապահության» և «Երեխաների փրկության» գծով այս երկրին տրամադրվող օգնությունը դադարեցվել է։

Նախագահ Օբամայի կողմից ներկայացված բյուջեի նախագծում ռազմական օգնության և ռազմական ուսումնական ծրագրերի գծով Հայաստանին առաջարկվել է հատկացնել 3 միլիոն 450 հազար դոլար, ինչը 450 հազար դոլարով պակաս է Ադրբեջանին հատկացվելիք գումարից:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի համաձայն, մտահոգություն է առաջացնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բնագավառի օգնության ծավալներում հավասարակշռություն չպահպանելու հանգամանքը:

«Մտահոգություն է առաջացնում այն, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից ներկայացված նախագծում, չնայած ադրբեջանցի առաջնորդների կողմից նոր պատերազմ սկսելու շուրջ գնալով ավելի հաճախ հնչեցվող սպառնալիքներին, առաջարկվում է ռազմական օգնության հավասարակշռությունը թեքել Բաքվի կողմը, ինչը կործանիչ կլինի Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի համար», - ասել է Արամ Համբարյանը։

XS
SM
MD
LG