Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ՊՆ. «Բյուջեի կրճատումները կազդեն զորքերի մարտական պատրաստության վրա»


Պենտագոնը ստիպված կլինի կատարել ընտրություն զինված ուժերի թվաքանակի նվազեցման և արդիականացման միջև

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն պետական ծախսերի ինքնաբերաբար կրճատման դեպքում Պենտագոնը ստիպված կլինի կրճատել զինված ուժերի մի քանի տասնյակ հազար զինծառայողի և հրաժարվել նոր զենքերի մշակման և ձեռքբերման ծրագրերից:

Միացյալ Նահանգների պետական ծախսերի կրճատման՝ սեկվեստրի շրջանակներում Պենտագոնի պաշտպանական բյուջեն այս տարի կրճատվել է 46 միլիարդ դոլարով: Կրճատումները շարունակելու դեպքում գալիք տասը տարվա ընթացքում Պենտագոնը ստիպված կլինի կրճատել ծախսերը 500 միլիարդ դոլարով:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն իր հայտարարության մեջ նշել է, որ իր հանձնարարությամբ իրականացված բյուջեի կրճատումների հետևանքների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ կրճատումներն անխուսափելիորեն ազդեցություն կգործեն Միացյալ Նահանգների զինված ուժերի մարտական պատրաստության վրա:

Նախարար Հեյգելի խոսքերով, կրճատումները նշանակում են, որ զինված ուժերն ավելի քիչ հնարավորություն կստանան ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու համար, իսկ Պենտագոնը կկանգնի չափազանց ծանր ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև:

«Հարցը դրված է հետևյալ կերպ. մենք պետք է դիմենք զինված ուժերի բրիգադների, ռազմանավերի, ռազմական օդանավերի և ծովային հետևակայինների թվաքանակի կրճատման կամ նվազեցնենք սպառազինության համակարգերի արդիականացման և մեր զինված ուժերի տեխնոլոգիական բարձր մակարդակը պահպանելու հնարավորությունները», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:
XS
SM
MD
LG