Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր ԱՄՆ-ում՝ ավերիչ սողանքի պատճառով


ԱՄՆ-ի արևմտյան Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած ավերիչ սողանքի պատճառով զոհերի թիվը հասել է 24-ի, իսկ փրկարար ծառայությունների աշխատողները շարունակում են որոնել դեռևս կորած համարվող 90 մարդու

ԱՄՆ-ի արևմտյան Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած ավերիչ սողանքի պատճառով զոհերի թիվը հասել է 24-ի, իսկ փրկարար ծառայությունների աշխատողները շարունակում են որոնել դեռևս կորած համարվող 90 մարդու:

Վաշինգտոն նահանգի Օսո քաղաքի մոտակայքում գտնվող վայրերից մեկում սողանքը տեղի էր ունեցել շաբաթ օրը՝ մի քանի շաբաթ տևած անձրևների պատճառով: Այս սողանքը դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ գրանցված ամենաավերիչ սողանքներից մեկը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով բազմաթիվ զոհերի և անհայտ կորածների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, խորին վշտակցություն է հայտնել նախագահ Օբամային և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

«Մենք հետևում ենք ԱՄՆ-ի կառավարության կողմից ձեռնարկված փրկարարական մեծածավալ միջոցառումների ընթացքին և հավատացած ենք, որ ձեռնարկված միջոցառումները հաջողությամբ կպսակվեն՝ թույլ տալով հնարավորինս արագ հաղթահարել դժվարին փորձությունը» - ասված է Հայաստանի նախագահի ցավակցական հեռագրում:
XS
SM
MD
LG