Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կմասնակցի Ռուսաստանի սահմանների մոտակայքում անցկացվող զորավարժություններին


ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն՝ և՛ Սև ծովում, և՛ Լեհաստանում անցկացվելիք զորավարժությունները ծրագրված էին մինչև Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը

Միացյալ Նահանգները երեքշաբթի օրը կցուցադրի Ռուսաստանի սահմանների մոտ գտնվող ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու վճռականությունը՝ մասնակցելով Կրեմլի կողմից Ուկրաինայում ռազմական միջամտության սկզբի ժամանակից անցկացվող առաջին զորավարժություններին:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Թրաքսթան» հրթիռային կործանիչ նավը կմասնակցի Սև ծովում Ռումինիայի և Բուլղարիայի ռազմական նավերի հետ համատեղ զորավարժություններին:

«Թրաքսթան» հրթիռային կործանիչ նավը մտնում է ԱՄՆ-ի վեցերորդ ռազմական նավատորմի կազմի մեջ, որի շտաբը գտնվում է Իտալիայում:

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի երկու կործանիչ կժամանեն Լեհաստանի կենտրոնական մասում գտնվող Լասկ ռազմակայան՝ համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով, որոնց կհետևի Լեհաստանի նախագահը:

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն՝ և՛ Սև ծովում, և՛ Լեհաստանում անցկացվելիք զորավարժությունները ծրագրված էին մինչև Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը, սակայն դրանք միաժամանակ ցուցադրում են ՆԱՏՕ-ի այն անդամներին տրամադրվող օժանդակությունը, որոնք մտահոգություն ունեն, որ եթե Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայում ռազմական միջամտության, ապա նրանք կարող են դառնալ նման միջամտության հաջորդ զոհը:

Լեհաստանի ներկայացուցիչների խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների ծրագիրը փոխվել էր՝ ի պատասխան Ղրիմում Ռուսաստանի ուժերի միջամտության:

Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը, հանդես գալով Կալինինգրադում Ռուսաստանի Բալթյան նավատորմի ռազմակայանի մոտակայքում գտնվող Լեհաստանի ռազմակայանում, տեղեկացրել է, որ չէր նախատեսվում անցկացնել այսպիսի ծավալուն զորավարժություններ, և դրանցում նախատեսվում էր ներգրավել միայն տրանսպորտային օդանավեր:

Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ Ղրիմում Ռուսաստանի ռազմական միջամտությունը մեկնարկելուց հետո Վարշավան դիմել էր Պենտագոնին՝ խնդրելով կործանիչ օդանավեր տրամադրել զորավարժությունների համար:

Լեհաստան այս շաբաթ ժամանելու է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «F-16» տեսակի առնվազն 12 կործանիչ և 300 զինծառայող:
XS
SM
MD
LG