Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նվազել է գործազրկությունը, տնտեսական աճի ցուցանիշները «համեստ են»


Աշխատատեղերի տոնավաճառ Վաշինգտոնում՝ Ամերիկյան համալսարանում (արխիվային լուսանկար)
Աշխատատեղերի տոնավաճառ Վաշինգտոնում՝ Ամերիկյան համալսարանում (արխիվային լուսանկար)

Միացյալ Նահանգներում ապրիլ ամսվա ընթացքում գրանցվել է գործազրկության մակարդակի անկում, որը մարտ ամսվա ընթացքում գրանցված 8,1 տոկոս ցուցանիշի համեմատությամբ նվազել է մեկ տասնորդական տոկոսով:

Ապրիլին սակայն շարունակվել է բնակչության աշխատունակ մասի աշխատանքի շուկայից ելքի միտումը: Աշխատանքի շուկան լքած աշխատունակ անձինք չեն ներառվում ԱՄՆ-ում զբաղվածության վերաբերյալ անցկացվող հետազոտություններում:

Միացյալ Նահանգներում գործատուներն անցյալ ամսվա ընթացքում աշխատանքի են ընդունել 115 հազար աշխատող՝ ցուցանիշ, որը զգալիորեն պակաս է տնտեսագետների կանխատեսումներից, որոնց համաձայն ապրիլին պետք է ստեղծվեր 160 հազար աշխատատեղ:

Բացի այդ, ապրիլ ամսվա ընթացքում գրանցված ցուցանիշը պակաս է նաև նախորդ՝ մարտ ամսվա ընթացքում գրանցված նոր 120 հազար աշխատատեղի ցուցանիշից, ինչը նշանակում է, որ ընկերությունները զգալիորեն դանդաղեցրել են նոր աշխատողների ընդունման գործընթացը:

Այս տարվա սկզբին Միացյալ Նահանգների տնտեսությունում ամսեկան ստեղծվում էր մոտ 250 հազար նոր աշխատատեղ:

ԱՄՆ-ի տնտեսությունը դանդաղ է վերականգնվում 2008 և 2009 թվականներին տեղի ունեցած տնտեսական ճգնաժամից, որը Մեծ դեպրեսիայի ժամանակից՝ 1930-ական թվականներից դարձել է երկրի տնտեսությունում գրանցված ամենախորը անկումը:

XS
SM
MD
LG