Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նվազել է գործազրկության նպաստ ստացողների թիվը


Դաշնային պահուստային համակարգի կանխատեսումների համաձայն, գալիք երկու տարվա ընթացքում աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող երկիրն աճի ավելի արագ տեմպեր է գրանցելու

Միացյալ Նահանգներում գործազրկության նպաստ ստացողների թիվը նվազել է՝ հասնելով վեց տարվա ընթացքում գրանցված նվազագույն ցուցանիշի:

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստ առաջին անգամ ստանալու համար դիմել էր 312 հազար ամերիկացի, ինչը 6 հազարով պակաս է նախորդ շաբաթ գրանցված ցուցանիշից:

Այսպիսով, գործազրկության նպաստ այժմ ստանում է ԱՄՆ-ի երկուս ու կես միլիոն քաղաքացի, ինչը 2007 թվականի հոկտեմբեր ամսից՝ ԱՄՆ-ում տնտեսական անկման երկրորդ ամսվա ընթացքում, գրանցված նվազագույն ցուցանիշն է:

ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենի համաձայն, Միացյալ Նահանգների տնտեսությունը կրկին սկսել է աճ գրանցել՝ 2014 թվականի սկզբին չափազանց ցրտաշունչ ձմռան հետևանքով գրանցված դանդաղեցումից հետո:

Դաշնային պահուստային համակարգի կանխատեսումների համաձայն, գալիք երկու տարվա ընթացքում աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող երկիրն աճի է՛լ ավելի արագ տեմպեր է գրանցելու:

Միացյալ Նահանգների աշխատանքի շուկայում վերջին ժամանակներում նույնպես աճ է գրանցվել. չորս ամիս անընդհատ երկրում յուրաքանչյուր ամսվա ընթացքում ավելանում էր 200 հազար աշխատատեղ: Սա առաջին անգամն է 1990-ական թվականների վերջից, երբ աշխատաշուկայում գրանցվել է կայուն զարգացման համեմատաբար տևական ժամանակաշրջան:
XS
SM
MD
LG