Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում զգալիորեն նվազել է գործազրկության նպաստների դիմողների թիվը


Մասնագետների կարծիքով, սա ևս մեկ վկայություն է երկրի աշխատաշուկայում գրանցվող դրական միտումների մասին

Միացյալ Նահանգներում զգալիորեն նվազել է գործազրկության նպաստներ ստանալու նոր դիմումներ ներկայացնողների թիվը, ինչը, մասնագետների կարծիքով, ևս մեկ վկայություն է երկրի աշխատաշուկայում գրանցվող դրական միտումների մասին:

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության կողմից հինգշաբթի օրը հրապարակված տեղեկությունների համաձայն, անցյալ շաբաթ գործազրկության նպաստների համար նոր դիմողների թիվը կազմել է 332 հազար, ինչը 10 հազարով պակաս է նախորդող շաբաթվա ցուցանիշից:

Այս թիվը պակաս է գործազրկության նպաստների համար 347 հազար նոր դիմողների ցուցանիշից և ամենացածրն է 2008 թվականի մարտ ամսից, երբ Միացյալ Նահանգներում սկսվել էր 1930 թվականներից տնեսական ամենախորը ճգնաժամը:

Տնտեսագետների համաձայն, գործազրկության նպաստներ ստանալու նոր դիմումների թվի նվազեցումն արդյունք է գործատուների կողմից աշխատանքից ազատվողների ավելի ցածր թվի: Աշխատանքից ազատվողների ցուցանիշն անցյալ տարվա նոյեմբերից նվազել է 13 տոկոսով:

Միացյալ Նահանգներում անցյալ շաբաթ հրապարակված զեկույցի համաձայն, երկրում այս տարվա փետրվար ամսին գրանցվել է գործազրկության 7,7 տոկոս մակարդակ, որն ընդհանուր առմամբ բավականին բարձր է ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով պատմական տվյալները, սակայն ամենացածրն է անցյալ չորս տարվա ընթացքում: Բացի այդ, զգալի աճ է գրանցել նաև աշխատաշուկայի ծավալը, քանի որ միայն անցյալ ամսվա ընթացքում երկրում ստեղծվել է 236 հազար աշխատատեղ:
XS
SM
MD
LG