Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի աշխատաշուկայում առաջընթաց է գրանցվել


Գործազրկության մակարդակն այնուամենայնիվ բարձր է մնում

ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են հուլիս ամսվա ընթացքում աշխատատեղերի զգալի ավելացման մասին՝ չնայած այն հանգամանքի, որ երկրում ավելացել է գործազուրկների թիվը:

Կառավարությունն ուրբաթ օրը հրապարակել է աշխատանքային շուկայում տիրող իրավիճակի մասին զեկույց, որի համաձայն երեք ամիս անընդմեջ որևէ դրական արդյունք չգրանցելուց հետո անցյալ ամսվա ընթացքում գործատուները բացել են 163 հազար աշխատատեղ՝ այս տարվա փետրվար ամսից գրանցված առավելագույն ցուցանիշը:

Սակայն չնայած աշխատատեղերի ավելացման, երկրում գործազրկության մակարդակը հուլիս ամսին բարձրացել է՝ հասնելով 8,3 տոկոսի և գերազանցելով նախորդ երկու ամիսների ընթացքում գրանցված 8,2 տոկոս ցուցանիշը:

ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 1930-ական թվականներից ծավալված ամենածանր տնտեսական ճգնաժամի ժամանակից արդեն 42 ամիս է, ինչ պահպանվում է 8 տոկոսից բարձր մակարդակի վրա: Գործազուրկ է դեռևս մնում մոտ 13 միլիոն մարդ, իսկ ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 1,5 տոկոս՝ նվազելով այս տարվա սկզբին գրանցված առավել բարձր մակարդակից:

Տնտեսական խնդիրները դարձել են ԱՄՆ-ում շարունակվող նախագահական ընտրարշավի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Հանրապետական հնարավոր թեկնածու Միթ Ռոմնին մեղադրում է դեմոկրատական կուսակցության անդամ, ներկայիս նախագահ Բարաք Օբամային տնտեսության դանդաղընթաց վերականգնման մեջ: Նախագահ Օբաման իր հերթին պդնում է, որ տնտեսական անկմանը և ԱՄՆ-ի Սպիտակ տակ ղեկավարի պաշտոնն իր կողմից զբաղեցնելու ժամանակից տնտեսական աճի ցածր տեմպերին նպաստել են մինչև իր կողմից նախագահական պաշտոնը ստանձնելու ժամանակ հանրապետականների կողմից որդեգրած տնտեսական քաղաքականությունը:
XS
SM
MD
LG