ԱՄՆ–Ճապոնիա լայնածավալ զորավարժությունները ընդհատվել են և օդ են բարձրացվել ռազմական ինքնաթիռներ, երբ զորավարժությունների անցկացման վայրի մոտակայքում նկատվել է ռուսական երկու ինքնաթիռ։
Ռուսաստանի լրատվամիջոցները, մեջբերելով երկրի պաշտոնատար անձանց, հայտնել են, որ «Իլյուշին» մակնիշի երկու ռազմական ինքնաթիռ կանոնավոր հսկողություն են իրականացրել տարածքում և չեն խախտել Ճապոնիայի օդային տարածքը կամ օդագնացության միջազգային կանոնները։
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիտո Սենգոկուն հաստատել է չորեքշաբթի օրը տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը՝ ասելով, որ Ճապոնիան կործանիչներ էր ուղարկել Նոտո թերակղզու տարածաշրջան։ Նա հրաժարվել է մանրամասներ տրամադրել։
Ռուսաստանի պետական «Ռուսաստանի ձայն» ռադիոծառայության հայտնած կարծիքով, զորավարժությունները դադարեցվել էին այն մտավախության պատճառով, որ ռուսական ինքնաթիռները կարող են ռադարների գործողության հաճախականությունների մասին գաղտնի տեղեկություններ հավաքել։
«Քին Սորդ» ԱՄՆ–Ճապոնիա զորավարժություններում մասնակցում է 60 ռազմանավ, 400 ինքնաթիռ և 44 հազար զինծառայող։ Այն երկու երկրների կողմից համատեղ անցկացվող ամենախոշոր զորավարժություններն է։