Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի «վիրտուալ դեսպանություն» է բացել Իրանի համար


ԱՄՆ-ի «վիրտուալ դեսպանություն» է բացել Իրանի համար
ԱՄՆ-ի «վիրտուալ դեսպանություն» է բացել Իրանի համար

Միացյալ Նահանգները մեկնարկել են առցանց ինտերակտիվ «Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանության» աշխատանքը, որի նպատակն է՝ վերականգնել իրանցիների և ամերիկացիների միջև կապը, որը գոյություն ուներ մինչև 30 տարի առաջ երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների խզումը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ինտերնետային աննախադեպ այս ծրագիրն անվանել է «երկու ժողովուրդների միջև առանց վախի հաղորդակցման միջոց»: Կայքում տեղադրված իր ողջույնի խոսքում Քլինթընը նշել է նաև, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ Իրանի քաղաքացիներն այժմ կարող են ծանոթանալ Միացյալ Նահանգներում ուսման հնարավորությունների կամ այցելության համար արտոնագրեր ստանալու մասին տեղեկություններին:

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք երեքշաբթի օրը հայտնել են, որ «վիրտուալ դեսպանությունը» պետք է նպաստի Միացյալ Նահանգներ Իրանի քաղաքացիների այցելության հետ կապված դժվարությունների նվազեցման: Կայքում ներկայացված են նաև Միացյալ Նահանգներում սովորել ցանկացող իրանցիների համար առավել դյուրին ընթացակարգեր, որոնք ԱՄՆ-ում իրանցի ուսանողների թվի ավելացման նպատակ են հետապնդում:

Արտգործնախարարության պաշտոնատար անձանց համաձայն, առցանց այս նախագիծն ուղղված է շրջանցելու «Թեհրանի կողմից երկրի քաղաքացիների և արտաքին աշխարհի միջև համացանցի միջոցով հաղորդակցելու հնարավորությունը խաթարելու նպատակով ստեղծված էլեկտրոնային վարագույրը»:

Արտգործնախարար Քլինթընը նման կայք ստեղծելու մասին մտահղացման մասին հայտարարությամբ հանդես էր եկել դեռևս այս տարվա հոկտեմբերին «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայությանը տված իր հարցազրույցում: Իրանի իշխանությունները քննադատել են Քլինթընի հայտարարությունը՝ ասելով, որ նախագիծը հաջողություն չի ունենա:

ԱՄՆ-ի իշխանությունները սակայն վստահություն են հայտնել, որ նոր նախագիծը ժողովրդականություն կվայելի, քանի որ այս տարվա սկզբին Միացյալ Նահանգների արտգործնախարարության կողմից «Facebook» կայքում ստեղծված էջը օրական գրանցում է մոտ մեկ միլիոն այցելու:

ԱՄՆ-ի «վիրտուալ դեսպանություն» կայքի անգլերեն տարբերակին կարելի է ծանոթանալ «Tehran.usembassy.gov» կամ «iran.usembassy.gov» հասցեներով, իսկ պարսկերեն տարբերակին՝ «Persian.iran.usembassy.gov» հասցեով:

XS
SM
MD
LG