Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ճանապարհորդության նախազգուշացում է հրապարակել իր քաղաքացիների համար


Մանսուր Արբաբսիարը՝ Նյու Յորքի դատավարության դահլիճում, 2011թ. հոկտեմբերի 11

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը ճանապարհորդության նախազգուշացում է հրապարակել Միացյալ Նահանգների քաղաքացիների համար: Նախազգուշացման մեջ ասված է, որ «հնարավոր են ԱՄՆ-ի դեմ ուղղված գործողություններ»՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ Իրանի իշխանությունների հետ համատեղ մահափորձ կազմակերպելու մեջ Իրանի երկու քաղաքացու ձերբակալությունից հետո:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը երեքշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իրանի կողմից նախապատրաստված սպանությունը կարող է նշանակել, որ այդ երկրի կառավարությունը «կարող է ձեռնարկել ավելի ագրեսիվ քայլեր՝ դիմելով ահաբեկչության»:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը երեքշաբթի ավելի վաղ մեղադրել է Իրանի անձնագիր ունեցող ԱՄՆ-ի հպատակագրված քաղաքացի Մանսոր Արբաբսիարին և Ղոլամ Շաքուրիին, որը Իրանի զինված ուժերի էլիտար «Քադս» ստորաբաժանման անդամ է, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեիրի վրա մահափորձ կատարելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ:

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի համաձայն, դավադրությունը «ծրագրվել, հովանավորվել և ուղղորդվել» է Իրանից: Հոլդերը խոստացել է, որ Վաշինգտոնը պատասխանատվության կենթարկի Իրանի կառավարությանը:

Հոլդերի հայտարարությունից քիչ անց ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Արբաբսիարիի, Շաքուրիի և Իրանի հեղափոխական պահակազորի երեք այլ ծառայողի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հայտարարությամբ է հանդես եկել:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Սաուդյան Արաբիայի դեսպան ալ-Ջուբեիրին՝ արտահայտելու միասնություն դավադրության դեմ ուղղված պայքարում և անվանելով դավադրությունը «ԱՄՆ-ի և միջազգային իրավունքի կոպիտ խախտում»: ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել է ալ-Ջուբեյրին, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Միացյալ Նահանգներում իրեն ծառայությունն իրականացնող բոլոր դիվանագետների պաշտպանության գործին:

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Քլինթընը երեքշաբթի օրը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել իր դաշնակիցների հետ՝ «միջազգային հանրությունից Իրանի մեկուսացումը խորացնելու ուղղությամբ»:

Իրանի իշխանությունները կտրականապես հերքում են մահափորձի նախապատրաստության մեջ որևէ դեր ունենալու հանգամանքը: ՄԱԿ-ում Իրանի դեսպանը երեքշաբթի օրը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ արտահայտելով իր «զայրույթը» ԱՄՆ-ի մեղադրանքներով և անվանելով դրանք «քաղաքական շարժառիթներ ունեցող պատերազմի կոչեր և քարոզչություն»:

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, Արբաբսիարը վարձել է ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության իրազեկիչներից մեկին՝ հավատացած լինելով, որ վերջինը կապեր ունի Մեքսիկայի թմրամիջոցների կարտելների հետ, որոնք հնարավորություն ունեն իրականացնելու ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը: Իշխանությունների համաձայն, Արբաբսիարը խոստովանել է, որ դավադրություն իրականացնելու համար կատարել է 100 հազար դոլարի կանխավճար, իսկ հաջող իրականացման դեպքում խոստացել է վճարել 1,5 միլիոն դոլար:

Արբաբսիարը ձերբակալվել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում սեպտեմբերի 29-ին, սակայն Շաքուրին դեռ գտնվում է ազատության մեջ:

XS
SM
MD
LG