Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ


Նախագահ Օբամայի հրամանագիրը նպատակ է հետապնդում կանխելու Իրանի կողմից միջազգային հանրության սահմանված պատժամիջոցները շրջանցելու փորձերը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի էներգետիկայի և նավթաքիմիական ոլորտների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր: Հրամանագիրը նպատակ է հետապնդում կանխելու Իրանի կողմից միջազգային հանրության սահմանված պատժամիջոցները շրջանցելու փորձերը:

Բացի այդ, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտնել է Չինաստանի և Իրաքի մեկական ֆինանսական հաստատությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին: Ֆինանսական այս հաստատություններին ներկայացվել է պատժամիջոցների ենթարկված իրանական բանկերի հետ գործարքներ իրականացնելու մեղադրանք:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նոր այս պատժամիջոցները նպատակ են հետապնդում ուժեղացնելու միջազգային պարտավորությունները չկատարելու պատճառով Իրանի կառավարությանը մեկուսացնելուն և վերջինիս նկատմամբ ճնշում գործադրելուն ուղղված միջոցները:

Սպիտակ տան կողմից իրավական այս միջոցների ընդունման հետ մեկտեղ նման պատժամիջոցներ նախատեսում են ընդունել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը: Որոշ օրենսդիրներ քննադատության են ենթարկում նախագահ Օբամային՝ Իրանի նկատմամբ բավականին «կոշտ» չլինելու պատճառով:

Միացյալ Նահանգներն ու Արևմուտքի մի քանի այլ պետություն համախմբել են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն ուղղված իրենց ջանքերը՝ մտահոգություն ունենալով, որ Իրանն իրականացնում է միջուկային զենք մշակելու ծրագրեր: Իրանը սակայն պնդում է, որ միջուկային իր ծրագրերն ունեն զուտ քաղաքացիական նպատակ:
XS
SM
MD
LG