Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կոչ է արել Իրանին վերադարձնել կործանված օդանավը


ԱՄՆ-ը կոչ է արել Իրանին վերադարձնել կործանված օդանավը
ԱՄՆ-ը կոչ է արել Իրանին վերադարձնել կործանված օդանավը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պաշտոնապես դիմել է Իրանին՝ այս ամսվա սկզբին Իրանի օդային տարածքում կործանված ամերիկյան հետախուզական անօդաչու օդանավը վերադարձնելու խնդրանքով:

Նախագահ Օբաման երկուշաբթի օրը լրագրողների հետ անցկացված հանդիպման ընթացքում հրաժարվել է մեկնաբանել «հետախուզական գաղտնի խնդիրները», սակայն նախկինում տարածված լուրերի համաձայն, ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու ռազմանավը ներխուժել Իրանի օդային տարածք Աֆղանստանից պատահականորեն կամ օգտագործվել է Իրանի միջուկային ծրագրի մասին հետախուզական տեղեկություններ հավաքելու նպատակով:

ԱՄՆ-ի նախագահ ասել է, որ Միացյալ Նահանգները դիմել է անօդաչու ինքնաթիռը վերադարձնելու խնդրանքով՝ ասելով. «Կսպասենք, թե ինչ արձագանք կտա Իրանը»:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը սակայն ասել է, թե չի ակնկալում, որ Իրանը դրականորեն արձագանքի Միացյալ Նահանգների խնդրանքին՝ հաշվի առնելով «Իրանի նախկին վարվելակերպը»:

Հիշեցնենք, որ Իրանի պետական հեռուստատեսությամբ անցյալ հինգշաբթի օրը ցուցադրվել էին պատկերներ, որոնց ներկայացվել էր Իրանի արևելյան սահմանի մոտակայքում կործանված անօդաչու հետախուզական օդանավ, որը կարճ ժամանակով ներխուժել էր այս երկրի օդային տարածք:

Հեռուստաալիքով ցուցադրված կադրերին պատկերվել են Իրանի զինված ուժերի պաշտոնատար անձինք, որոնք ուսումնասիրում էին տեխնիկական բարձր կարողություններ ունեցող «RQ-170 Sentinel» անօդաչու օդանավը:

Ցուցադրված անօդաչու ռազմանավը լավ վիճակում էր և չէր կրում տեսանելի վնասվածքների հետքեր:

Իրանի հեղափոխական պահակազորի ավիատիեզերական ստորաբաժանման ղեկավարի համաձայն, Իրանի ուժերին հաջողվել էր ձեռք բերել անօդաչու օդանավը «կիբեռ հարձակում» իրականացնելու միջոցով: Նրա խոսքերով, օդանավը «էլեկտրոնային պայքարի ուժերի թակարդն էր ընկել», որից հետո հաջողվել է իրականացնել օդանավի վայրէջքն՝ առանց մեծ վնասներ պատճառելու վերջինին:

Իրանի արտգործնախարարությունն անցյալ օրը հրավիրել էր Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Լիվիա Լեու Ագոստիին և իր բողոքը ներկայացրել անօդաչու օդանավի պատահարի կապակցությամբ: Իրանի պետական հեռուստատեսության վկայությամբ, երկրի արտգործնախարարությունը Վաշինգտոնից պահանջել էր բացատրություն և փոխհատուցում ներկայացնել:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք անօդաչու օդանավի կորստի փաստը հետախուզական անօդաչու օդանավերի ծրագրին հասցված «մեծ հարված» են անվանել: Նրանք անհանգստություն են արտահայտել այն հանգամանքով, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, անօդաչու ինքնաթիռի տեխնոլոգիան կիսելու է Չինաստանի կամ այլ պետության հետ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտնել է լրագրողներին, որ դժվար է ասել, թե ինչ տեղեկություններ է կարողացել ստանալ Իրանը տապալված օդանավից:

XS
SM
MD
LG