Մատչելի հղումներ

ICG. «ԱՄՆ-ը պետք է գաղտնի ուղիղ բանակցություններ վարի Իրանի հետ»


Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին՝ երդմնակալության արարողությունից հետո, Թեհրան, Իրան, 4 օգոստոսի 2013թ. (արխիվային լուսանկար)
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին՝ երդմնակալության արարողությունից հետո, Թեհրան, Իրան, 4 օգոստոսի 2013թ. (արխիվային լուսանկար)

Արևմուտքը չպետք է սակայն ակնկալի, որ Իրանի չափավոր հայացքների հարող նոր նախագահը մեծ զիջումներ կառաջարկի

«Միացյալ Նահանգները պետք է գաղտնի ուղիղ բանակցություններ վարի Իրանի հետ՝ վերջինիս կողմից իրականացվող միջուկային ծրագրի շուրջ, սակայն Արևմուտքը չպետք է ակնկալի, որ Իրանի չափավոր հայացքների հարող նոր նախագահը մեծ զիջումներ կառաջարկի»:

Այս մասին երեքշաբթի օրը հրապարակած իր զեկույցում նշել է «International Crisis Group» (ICG) հետազոտական կազմակերպությունը, որի համաձայն առաջարկվող բանակցությունների ընթացքում որևէ արդյունք ստանալու հնարավորություն ունենալու համար Վաշինգտոնն ու աշխարհի այլ տերությունները պետք է զերծ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու ծրագրերից:

Իրանի հետ միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ բանակցությունները վերջին անգամ անցկացվել են այս տարվա ապրիլին: Բանակցությունների մասնակից բոլոր կողմերը՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, որոնք բանակցությունների շրջանակում ստացել են միասնական «P+1» անվանումը, և Իրանը, պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել դրանք:

«Վաշինգտոնը սակայն պետք է ստեղծի Իրանի հետ հաղորդակցվելու գաղտնի ուղիղ եղանակ՝ լրացնելու համար «P5+1»-ի մասնակցությամբ անցկացվող բանակցությունները, և բանակցությունների շրջանակում, բացի միջուկային ծրագրից, պետք է ներառված լինեն նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ խնդիրներ», - ասում է հետազոտական կազմակերպությունը:

Ըստ «ICG»-ի Իրանի գծով ավագ վերլուծաբան Ալի Վաեզի, ««P5+1»-ի ներսում առկա է բարդ ներքին դինամիկա, որն արտացոլում է իր անդամների չհամընկնող շահերը, և այն բանակցությունների անցկացման համար բավականին դանդաղաշարժ մեխանիզմ է»:

«Եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերվի քաղաքական որևէ լուծում, ապա «P5+1»-ի բոլոր անդամները, նույնիսկ ակամա, ըստ էության կընդունեն այն», - ասել է «ICG» կազմակերպության Իրանի գծով ավագ վերլուծաբանը՝ հավելելով, որ Արևմուտքն այնուամենայնիվ չպետք է սպասի Իրանի հետ հարաբերություններում որևէ արագ առաջընթացի, քանի որ այս երկրի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին ամենայն հավանականությամբ կխուսափի միջուկային ծրագրի իրականացման հետ կապված որևէ զգալի զիջումներ կատարելուց:
XS
SM
MD
LG