Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում այսօր տոնում են Անկախության օրը


236 տարի առաջ Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարել էր Մեծ Բրիտանիայի գաղութի իր կարգավիճակը դադարեցնելու մասին

Ամերիկացիները չորեքշաբթի օրը տոնում են Անկախության հռչակագրի 236-րդ տարեդարձը, որով Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարել էր Մեծ Բրիտանիայի գաղութի իր կարգավիճակը դադարեցնելու մասին:

Երկրի մեծ ու փոքր քաղաքների բնակիչները այսօր շքերթով կանցնեն իրենց բնակավայրերի փողոցներով, հրավառություններ կդիտեն, կմասնակցեն ընտանեկան հավաքույթների, համերգների և բացօթյա խնջույքների:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում հարյուր հազարավոր մարդիկ կմասնակցեն Ազգային զբոսավայրում անցկացվելիք համերգին և կդիտեն մեծ հրավառություն:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկրի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Սպիտակ տանը կանցկացնի զինված ուժերի պատվին տրվող՝ արդեն չորրորդ անգամ անցկացվող միջոցառումը, որի ընթացքում Սպիտակ տանը կկազմակերպվի մսի խորովում, խաղեր, ինչպես նաև Ծովային հետևակի նախագահական նվագախմբի համերգը:

Չորեքշաբթի օրը լրանում է նաև նախագահ Օբամայի դուստր Մալիայի 14-րդ տարեդարձը, սակայն հայտնի չէ, արդյոք նա կմասնակցի Սպիտակ տանն անցկացվող արարողությանը:

Անկախության օրը հրավառություններ կանցկացվեն նաև Միացյալ Նահանգներում 1812 թվականի պատերազմի և 19-րդ դարում տեղի ունեցած Քաղաքացիական պատերազմի գլխավոր մարտադաշտերի վայրերում: Նման միջոցառումներ կանցկացվեն նաև ԱՄՆ-ի առաջին մայրաքաղաք Ֆիլանդելֆիայում, ինչպես նաև Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում և Նյու Յորքում:

Թոմաս Ջեֆերսոնի կողմից 1776 թվականի հունիսին մշակված Անկախության հռչակագիրն Ամերիկայի ազատության ամենամեծ խորհրդանիշներից է: Մայցամաքային կոնգեսը հավանության է արժանացրել այս փաստաթուղթը նույն թվականի հուլիսի 4-ին:

Միացյալ Նահանգների մեծ մասում վերջերս տեղի ունեցած բնական աղետները փչացրել են ամերիկացիներից շատերի տոնական տրամադրությունը: Երկրի միջին արևմուտքում և արևելյան շրջաններում տեղի ունեցած կատաղի փոթորկի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ դեռևս մնում է առանց էլեկտրականության: Հանրային ծառայություններ ապահովող ընկերությունների անձնակազմն աշխատում է հնարավորինս արագ վերականգնել էներգամատակարարումն այս տարածաշրջաններում, ուր օդի ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 40 աստիճանը:
XS
SM
MD
LG