Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արևելքը պատրաստվում է «Այրին» փոթորկի գրոհին


ԱՄՆ-ի արևելքը պատրաստվում է «Այրին» փոթորկի գրոհին
ԱՄՆ-ի արևելքը պատրաստվում է «Այրին» փոթորկի գրոհին

ԱՄՆ-ի արևելյան նահանգները շտապ պատրաստվում են դեպի երկրի ափն արագ մոտեցող ուժգին արևադարձային փոթորկի գրոհին:

Միացյալ Նահանգների օդերևութաբանները հինգշաբթի օրը փոթորկի նախազգուշացումներ են հրապարակել Հյուսիսային Կարոլինա մինչև Նյու Ջերսի նահանգներն ընկած հատվածի համար: Սպասվում է, որ այս նահանգները շաբաթ օրվանից սկսած հայտնվելու են «Այրին» փոթորկի ազդեցության գոտում:

Փոթորկի ճանապարհին ընկած որոշ տարածքների իշխանություններն արդեն իսկ սկսել են բնակիչների և հանգստացողների էվակուացումը:

Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա, Մերիլենդ, Նյու Ջերսի և Նյու Յորք նահանգների նահանգապետները արտակարգ իրավիճակ են հայտարարել՝ փոթորկի մոտենալուց առաջ անհրաժեշտ ռեսուրսներ ազատելու նպատակով:

ԱՄՆ-ի նավատորմի Վիրջինիա նահանգում գտնվող հիմնական նավահանգստում գտնվող նավերին հրաման է տրվել դուրս գալ ծով, որտեղ նավերն առավել լավ կարող են դիմակայել փոթորկին:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հորդորել է բնակիչներին պատրաստ լինել ծովի մակերեսից ավելի բարձր գտնվող վայրեր տեղափոխվելուն՝ ասելով, որ քաղաքի որոշ թաղամասերի բնակիչներին կարող է էվակուացման հրահանգ տրվել:

ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Քրեյգ Ֆուգեյթը հինգշաբթի օրը հայտնել է, որ «Այրին» փոթորիկը պարզապես առափնյա փոթորիկ չէ, այլ ազդեցություն է ունենալու երկրի խորքում գտնվող տարածքների վրա, քանի որ դրա պատճառով առաջանալու են ջրհեղեղներ և քամիներ, որոնք կարող են ծառեր տապալել և առաջացնել հոսանքի մատակարարման ընդհատումներ:

ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի տնօրեն Բիլ Ռիդի համաձայն, փոթորկի ազդեցության կարող է ենթարկվել նույնիսկ ԱՄՆ-ի մայրաքաղաքը:

«Այրին»-ը երեք տարվա ընթացքում առաջին փոթորիկն է, որը լուրջ վտանգ է սպառնում Միացյալ Նահանգների համար:

XS
SM
MD
LG