ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, որտեղ հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում ընդդեմ բռնապետական վարչակարգերի տեղի ունեցող բողոքի ցույցերի արդյունքում տարածաշրջանում կձևավորվի կայուն ժողովրդավարություն։
Զեկույցում հատկապես խիստ քննադատության է ենթարկվել Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Կուբայում և Բելառուսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։
Զեկույցն անվանապես վերաբերում է 2010 թվականին մարդու իրավունքների բնագավառում առկա իրավիճակին, սակայն դրանում չեն անտեսվում այս տարի Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում «Արաբական գարնան» իրադարձությունները: Զեկույցում նշվում է, որ այդ իրադարձություններն ունեն տարածաշրջանում և, հետևաբար, ամբողջ աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը բարելավելու ներուժ։
ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից հրապարակված Մարդու իրավունքների զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում ստեղծված իրավիճակին։
Մասնավորապես նշվել է, որ խաղաղ ընտրությունների միջոցով կառավարության կազմում փոփոխություններ կատարելու քաղաքացիների իրավունքը սահմանափակվել է՝ ընտրությունների անցկացման ընթացքում կրկնվող և նշանակալից թերությունների պատճառով, ներառյալ 2010 թվականի հունվար ամսին անցկացված խորհրդային լրացուցիչ ընտրությունները։
"Հայաստանի անվտանգության ուժերի որոշ ծառայողներ անպատիժ են մնացել քաղաքացիական պաշտոնյաների հրահանգով մարդու իրավունքների ոլորտում իրականացրած խախտումների հետո", ասված է զեկույցում:
Զեկույցում նշվել է, որ 2010 թվականի ընթացքում երկրի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի են ունեցել մահվան կասկածելի դեպքեր, նույն ընթացքում զինված ուժերում շարունակվել են զորակոչիկների նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններն ու վատ վերաբերմունքը սպաների և ծառայակիցների կողմից, և նման գործողությունները շարունակվել են՝ դրանց համար հաշվետվողականության բացակայության պայմաններում։ «Առկա տեղեկությունների համաձայն, ձերբակալությունների և հարցաքննությունների ընթացքում Հայաստանի ոստիկանությունը շարունակել է ծեծի ենթարկել քաղաքացիների, իսկ կալանավայրերում իրավիճակի զգալի վատթարացմանը նպաստել է բանտերի գերբնակեցումը։ Երկրի իշխանությունները շարունակել են առանց հիմնավոր կասկածի առկայության ձերբակալել և կամայական կերպով կալանավորել անձանց՝ իրենց քաղաքացիական պատկանելիության կամ քաղաքացիական գործունեության պատճառով»։
2010 թվականի մարդու իրավունքների զեկույցի համաձայն, Հայաստանի դատարանները շարունակել են ենթարկվել գործադիր իշխանության քաղաքական ճնշմանը, և ստեղծված դատական մշակույթը ենթադրում է, որ գրեթե բոլոր գործերով դատարանները մեղադրյալներին պետք է մեղավոր ճանաչեն։
Ըստ զեկույցի, Հայաստանի լրատվամիջոցներում, մասնավորապես հեռուստատեսությունում, շարունակաբար գրանցվել է կարծիքների բազմազանության և անաչառ իրազեկման բացակայություն, մամուլում և մամուլի դեմ բռնությունների, ահաբեկման և ինքնագրաքննության դեպքեր։ Հայաստանի իշխանությունները շարունակել են մերժել ընդդիմադիր կուսակցությունների և այլ խմբերի կողմից իրենց նախընտրած վայերում հավաքներ և ցույցեր անցկացնելու դիմումները։ Որոշ դեպքերում իշխանությունները կամայականորեն են մերժել որոշակի վայրերում հավաքներ կազմակերպելու դիմումները, այլ դեպքերում հավաքների անցկացումը թույլատրվել է այլընտրանքային վայրերում, գրանցվել են նաև անհատներին հավաքներին մասնակցությունը կանխելու դեպքեր։
ԱՄՆ-ի արտգործնախարարության զեկույցի համաձայն, կրոնի ազատությունը սահմանափակվել է իշխանությունների կողմից, ինչպես նաև որոշ օրենքներով։
Զեկույցում ասվել է նաև, որ Հայաստանում կոռուպցիան մեծ խնդիր է մնում, որը լուծելու ուղղությամբ իշխանությունները սահմանափակ միջոցներ են ձեռնարկել։
Մարդու իրավունքների զեկույցի համաձայն, Հայաստանում դեռևս տարածված են տնային բռնությունները, և այդ դեպքերի մասին իշխանությունները հիմնականում մնում են անտեղյակ։ Թրաֆիքինգը մնում է լուրջ խնդիր, սակայն դրա դեմ պայքարելու համար իշխանությունները միջոցներ են ձեռնարկում։